Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Նոր հեռանկարներ կբացվեն դասական երաժշտության կոլեկտիվների առաջ


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտարվեստը հանրահռչակելու, վերարժևորելու,  զարգացման հնարավորություններ ընձեռելու նպատակով հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և դասական երաժշտության կոլեկտիվների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Մտահղացումն իրականացվեց 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծրագիրը միտված է ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կոլեկտիվների կարողությունների հզորացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության խթանման (այդ թվում՝ զբոսաշրջության համատեքստում), միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիության մեծացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման միջոցով։

«Դասական ակադեմիական  արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետք  է պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը»,-նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Նա ասաց, որ հուշագրի ստորագրմամբ նախատեսում են դասական երաժշտական կոլեկտիվների  համար միասնական առցանց հարթակ ստեղծել, որն առաջին հերթին հնարավորություն կտա հասանելի դարձնել դասական երաժշտության մասին տեղեկատվությունը ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան լսարանին:

«Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտեց Ղազարյանը:

ՀՀ վարչապետի տիկին, «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ»  ծրագրի նախաձեռնող Աննա Հակոբյանի խոսքով` ունենք բարձրակարգ նվագախմբեր ու երգչախմբեր, որոնց հետ իրավունք չունենք վարվել այնպես, ինչպես նախկինում: «Կոլեկտիվները սեփական քրտինքով են հասել այն ամենին, ինչ ունեն. առանց աշխատավարձի ստեղծել են, քիչ ֆինանսական միջոցներով առավելագույնն են  արել: Մեկ տարվա ընթացքում հիմնադրամը  աշխատավարձի տեսքով 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել կոլեկտիվներին, բայց մեզ համար կարևոր է ոչ միայն մինիմալ խնդիրներ լուծելը, այլև հնարավորություն տալ նրանց ըստ արժանվույն ներկայանալ աշխարհին»,-շեշտեց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ  ծրագրի բարեհաջող  ընթացքի արդյունքում կարողանալու ենք էլ ավելի բարձրացնել մեր ստեղծագործական կազմակերպությունների հանրային ճանաչելիությունը, հասարակական հեղինակությունը, միջազգային ներկայացվածությունը:

Համագործակցության հուշագիրը ստորագրեցին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, «Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ