Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ի «Եղիցի լույս»  հատուկ մրցանակն ստացավ Ալեքսանդր Մինդաձեն

«Ոսկե ծիրան»-ի «Եղիցի լույս»  հատուկ մրցանակն ստացավ Ալեքսանդր Մինդաձեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի ունեցավ «Եղիցի լույս» հատուկ մրցանակի հանձնման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության, համաշխարհային կինոարվեստում  ունեցած նշանակալի ավանդի համար տրվող մրցանակը հանձնվեց  կինոփառատոնի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի անվանակարգի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին:

Կինոռեժիսորին մրցանակը հանձնեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառումը  սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին`  մշակույթի և արվեստի տարածման գործին մշտապես օժանդակելու համար: «Պարոն Մինդաձեն հարգված և սիրված արվեստագետ է և’ Ռուսաստանում, և’ արտասահմանում: Ի դեպ, նա առաջին անգամ է գալիս Հայաստան, առաջին անգամ է նաև Մայր Աթոռում: Մրցանակը շնորհելուց նկատի ունեցան նրա ստեղծած ողջ արվեստը` հոգևոր, մշակութային, համամարդկային արժեքների վրա հենված, և նրա վերջին տասը տարիների «վերակենդանացումը», որպես կինոռեժիսոր: Արվեստագետ մարդու համար շատ կարևոր է, թե ինչպիսի պատգամներ կթողնի իրենից հետո: Նա ամենամնայուն և մարդկային ամենակարևոր արժեքները կրող արվեստագետներից մեկն է: Այդ է պատճառը, որ մեր և եկեղեցական խորհրդի կողմից որպես մրցանակակիր ընտրվեց հենց նա»,- ասաց Խաչատրյանը:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը բարձր գնահատեց ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծեց` Մինդաձեի արվեստում երևում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մինդաձեն: Նա նշեց, որ այս մրցանակն իր համար մեծ նվեր է, և այն խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն «լույսի» և հանուն մարդու: Ռեժիսորի համար նշանակալի հանգամանք էր նաև այն, որ մրցանակը հաստատումն էր այն գաղափարների, որոնց նա ձգտել էր ամբողջ կյանքում:

Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը, որից հետո կինոռեժիսորին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]