1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմը ցուցադրվեց Երևանում

«Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմը ցուցադրվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնական Շտիպ փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է նետում փայտե խաչը: Հարյուրավոր տղամարդիկ  խաչի ետևից սուզվում են գետը: Բարեբախտության ու բարգավաճման երաշխիքը բաժին է ընկնում նրան, ով կգտնի խաչը: Այս անգամ Պետրունյան ևս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝  հանում խաչը: Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Չնայած բարձրացած աղմուկին՝ Պետրունյան չի հանձնվում: Հաղթանակը նրանն է, և նա մտադիր չէ խաչը զիջել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է պատմում ռեժիսոր Թեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» կինոնկարը: Մակեդոնիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Խորվաթիայի համատեղ արտադրության ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցույթում:

Հուլիսի 9-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել և զրուցել Պետրունյայի դերակատար Զորիցա Նուշևայի հետ, որը խոստովանեց` կյանքում իր մարմնավորած հերոսուհու պես համարձակ ու խիզախ չէ:

«Թվում է, թե Պետրունյան հասարակ աղջիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կարող է նրա միջոցով տեսնել իրեն: Նա ապրում է տղամարդկանց աշխարհում և ամեն օր պայքարում է հավասարության համար, ձգտում է այդ երջանկությանը»,-նշեց դերասանուհին:

Նուշևան անկեղծացավ` ասելով, որ իր համար հեշտ չէր Պետրունյային մարմնավորելը, քանի որ նա կին է, որն անընդհատ կոտրում է կարծրատիպերը, իսկ  սահմաններ չգծելը հերոսուհու կյանքում մեծ դերակատարություն ունի:

«Մեծ սիրով կասեի, որ, այո, ես Պետրունյայի պես կվարվեի նման իրավիճակում, կպայքարեի, բայց իրականությունն այն է, որ այդպիսին չեմ. վախ, ցավ էի զգում անգամ ֆիլմի նկարահանման ժամանակ, ծնկներս դողում էին: Բայց, եթե կա վախ, կա նաև ուժ: Ըստ իս` բոլոր կանայք են ուժեղ, և նրանք ծայրահեղ իրավիճակներում կարող են սարեր շուռ տալ»,-ընդգծեց Նուշևան:

Խոսելով իր մասին` դերասանուհին ասաց, որ մինչ այս ֆիլմը, փոքր դերակատարմամբ հանդես է եկել մեկ այլ կինոնկարում: «Աշխատում եմ թատրոնում: Այս ֆիլմն իմ առաջին քայլն էր պրոֆեսիոնալ կինոարվեստում: Մասնակցեցի ֆիլմի քասթինգին և հեշտությամբ անցա: Ընդգծեմ, որ երկու երեխայի մայր եմ: Կարելի է ասել, որ հաջողակ եմ և՛ մասնագիտական,  և՛ անձնական կյանքում»,- նշեց Զորիցա Նուշևան:

Նա չմոռացավ անդրադառնալ նաև  Հայաստանին` շեշտելով, որ առաջին անգամ է մեր երկրում և շատ է հավանում այն: «Այստեղ ստեղծարար մթնոլորտ է: Հայաստանում հետաքրքիր ավանդույթներ կան, որոնք դուք շարունակում եք պահպանել, փոխանցել սերունդներին: Եթե հետագայում հնարավորություն լինի նորից ձեզ այցելել, սիրով կգամ»,-եզրափակեց դերասանուհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]