Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում իսլամիստների հաստատումը սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար

Ադրբեջանում իսլամիստների հաստատումը սպառնալիք է տարածաշրջանային 
կայունության համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ջիհադի կողմնակից կազմակերպությունների առցանց գործունեությանը հետևող SITE Intelligence Group ամերիկյան ընկերությունը տարածել էր տեսանյութ՝ Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեսանյութում ադրբեջանցի գրոհայիններն իրենց հավատարմությունն են արտահայտում ահաբեկչական խմբավորման առաջնորդին։

Չնայած սա առաջին տեսանյութն է, որ «Իսլամական պետությունը» հրապարակել է Ադրբեջանի տարածքից, այնուամենայնիվ, խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի գրոհայինների մասին հայտնի է արդեն վաղուց։ Օրինակ, 2018թ. աշնանը Սիրիական դեմոկրատական բանակի կողմից գերի վերցված իսլամիստ գրոհայինների թվում եղել է նաև ադրբեջանցի։ Իսկ նախորդ տարվա ապրիլին Իրաքի քրեական դատարանը Ադրբեջանի երեք կին քաղաքացիների դատապարտել էր մահապատժի՝ ճանաչելով նրանց «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ։ Անգամ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները չեն ժխտում ծայրահեղական խմբավորման ազդեցությունը ադրբեջանցիների նկատմամբ և նրանց հավաքագրումը ԻՊ-ի գրոհայինների կողմից։ Մասնավորապես, ըստ  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևի՝ 2012-2017թթ.  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` այդ թիվը 2-3 անգամ ավելի մեծ է:

Հատկանշական է, որ որոշ փորձագետների պնդմամբ՝ ադրբեջանական հատուկ ծառայություններն անգամ կապեր ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Կան տեղեկություններ, որ նրանք աջակցություն են ցուցաբերել իսլամիստ զինյալներին՝ Թուրքիայի տարածքով տեղափոխվել Սիրիա կամ Իրաք: Ավելին, ադրբեջանցիները բավական բարձր պաշտոններ են զբաղեցնում նաև ԻՊ ռազմական և այլ կառույցներում:

Ադրբեջան-«Իսլամական պետություն» առնչությունների մասին հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի տարածքից հրապարակված տեսանյութը թերևս հաստատեց, որ այդ երկրում ԻՊ բջջի առկայությունն (նոր հավաքագրվածներ, Սիրիայից և Իրաքից վերադարձածներ) իրողություն է: Ավելին, չի կարելի բացառել, որ այդ ուժերը շարունակում են ուղղորդվել հատուկ ծառայությունների կողմից՝ ծառայեցվելով հստակ նպատակների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականին: Գաղտնիք չէ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմը ձեռք է բերել հստակ ապացույցներ, որ ադրբեջանական գործողություններում ներգրավված են եղել նաև վարձկաններ, ովքեր ամենայն հավանականությամբ, Սիրիայում և Իրաքում ԻՊ կազմում կռվող զինյալներն էին:

Հայաստանի իշխանությունները բազմիցս են զգուշացրել, որ Ադրբեջանը կարող է դառնալ իսլամիստների նոր հնարավոր հանգրվան, և նրանց ներուժը կարող է օգտագործվել ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության։ Ստեղծված իրավիճակում բավական կարևոր է, որ միջազգային հանրությունը բավարար չափով իրազեկված լինի ահաբեկչական խմբավորման հետ ադրբեջանական կապերի, ինչպես նաև այն սպառնալիքների մասին, որոնք բխում են Ադրբեջանում իսլամիստների հաստատումից:

 

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]