Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանն այցելել է Զոդի կամրջի վրա ավտովթարից տուժածներին, ծայրահեղ ծանր է միայն մեկի վիճակը

Արսեն Թորոսյանն այցելել է Զոդի կամրջի վրա ավտովթարից տուժածներին, ծայրահեղ ծանր է միայն մեկի վիճակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում, Զոդի կամրջի վրա հուլիսի 7-ին խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիներից միայն մեկն է մնում ծայրահեղ ծանր վիճակում, ևս երեքի վիճակը ծանր է, մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ բոլոր տուժածներին այցելելուց հետո։

«Վերադառնում եմ Արարատի ԲԿ-ից, այցելեցի երեկվա վթարից տուժած բոլոր քաղաքացիներին։ Բոլորի վիճակի մասին տեղեկատվությունը մեր մամուլի ծառայությունը տրամադրել է, այն պարբերաբար թարմացվում է։

Ծայրահեղ ծանր վիճակում մնում է մեկ քաղաքացի, ևս երեքի վիճակը գնահատվում է ծանր։ Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար»,- գրել է Արսեն Թորոսյանը։

Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ևս երկու տուժած է տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն. ավելի վաղ հաղորդվել էր 11 տուժածի մասին. «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]