Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար

ԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը 
օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից, որը կայացել է հուլիսի 4-ին: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

«Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, և՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը: Նախարարը հիշեցրել է, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, ինչը շարունակական գործընթաց է: Այս հանգրվանում, ըստ նախարարի, անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինեն Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ:

«Մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ»,-նշել է նախարարը:

Արդյո՞ք բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգում է  հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այն միանշանակ օրակարգային է: Նա նկատեց, որ  այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։

«Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:  

Լրագրողների այն դիտարկմանը, թե Արցախի նախագահի հետ հանդիպումը տևեց ավելի քան երեք ժամ, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նա անգամ չի նկատել, թե ինչպես անցավ այդ 3 ժամը:

«Բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը: Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»,-հավելեց նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանական կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հարցին:

«Դուք գիտեք այդ հարցի պատասխանը և ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանն ունեք։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, և եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, և այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ»,-ասել է նախարարը:

Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին` Արցախի նախագահը կարևորել է նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որն լավ հնարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները: «Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված»,- նշել է Արցախի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզ բանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև»: 

Նախարար Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]