1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական նոր շեշտադրումները Ղարաբաղյան բանակցային գործընթացում

Հայկական նոր շեշտադրումները Ղարաբաղյան բանակցային գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված ականատես եղանք մի շարք շահարկումների: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ դիմեց իր մանիպուլյացիոն գործիքների կիրառմանը՝ խեղաթյուրելով և աղավաղելով Վաշինգտոնի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակն ու բովանդակությունը: Ավելին, ապատեղեկատվությունն (նոր փաստաթուղթ, խաղաղապահների տեղակայում և այլն) այնքան ակնհայտ էր, որ նույն ադրբեջանական ԶԼՄ-երը ստիպված էին վերախմբագրել, անգամ հեռացնել իրենց նյութերը, իսկ հայտարարության հեղինակը՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, Азертадж-ին տված իր հարցազրույցում փորձեց որոշակիորեն բալանսավորել իրականն ու ապատեղեկատվությունը:

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բաքուն նման քայլով:

Ակնհայտ է, որ վերջինս ուներ մի քանի թիրախ: Նախ, նման թեզերով Ադրբեջանի իշխանությունները փորձում են սեփական հանրությանը «համոզել», թե բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի համար ամբողջովին շահեկան ճանապարհով: Բացի այդ, ապատեղեկատվության միտումնավոր տարածումը թիրախավորում էր նաև հայկական հանրությունը և նպատակ էր հետապնդում տարածել պարտվողական տրամադրություններ, սերմանել անվստահություն պետական մարմինների նկատմամբ և այլն: Ցավոք, հայաստանյան որոշակի շրջանակներ, իրազեկվածության պակասի արդյունքում կամ այլ դրդապատճառներով՝ դարձան Ադրբեջանի ապատեղեկատվությունը տարածողները: Նման իրավիճակն, իհարկե, բավական անհանգստացնող է, քանզի գործ ունենք Հայաստանի և Արցախի անվտանգության, բանակցային գործընթացում կողմերի դիրքավորման և ցանկալի ֆոնի ձևավորման խնդիրների հետ:

Ադրբեջանական կողմի նման ոչ կառուցողական գործելաոճը, վերջին ամիսներին սահմաններին նկատվող լարվածության աճն անշուշտ չէին կարող մնալ անարձագանք: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, անդրադառնալով նշված խնդիրներին, հստակ արձանագրեց, որ անկախ տարաբնույթ շահարկումներից՝ Հայաստանի համար բանակցությունների բովանդակության առումով գերակա են Արցախի կարգավիճակի, դրա ճանաչման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցերը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին: Մնացականյանի այս հայտարարությունը, թերևս, հստակ ուղերձ էր, որ Ադրբեջանի ցանկացած ապակառուցողական քայլ անպատասխան չի մնալու, և առավել ակտիվ ջանքեր են գործադրվելու Արցախի սուբյեկտայնության բարձրացման և միջազգային ճանաչման ուղղությամբ:

Սահմանային լարվածության հետ կապված՝ հայկական կողմը շրջանառության մեջ դրեց նաև նոր գաղափար, որը ձևակերպվեց որպես «Դուշանբե պլյուս»: Այդ փաթեթը պետք է ներառի Դուշանբեի, ինչպես նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք եղել և մնում են օրակարգում:  Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանն ու Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը, որոնք հնարավորություն կընձեռեն խաղաղ գործընթացին նպաստող համապատասխան միջավայր ստեղծել:

Ռիսկերի նվազեցման նոր փաթեթի անհրաժեշտությունն այսօր առավել քան ակնհայտ է, իսկ հայկական կողմի առաջարկը՝ տեղին: Վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվացումը վկայում է այն մասին, որ կան «մինչ Դուշանբե» իրավիճակին վերադառնալու ռիսկեր, ինչն, անշուշտ, կլինի հետընթաց և բացասական կազդի բանակցային գործընթացի համար անհրաժեշտ միջավայրի վրա: Պատահական չէ, որ Վաշինգտոնի հանդիպումից հետո համանախագահների կողմից արված համատեղ հայտարարության մեջ կարևորվում է լարվածության աճի նվազումը և անվտանգությանը վերաբերող հարցերը:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի հակազդման նպատակով հայկական կողմը նոր շեշտադրումներ է կիրառում՝  մի կողմից բարձրաձայնելով Արցախի կարգավիճակի, դրա ճանաչման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը, մյուս կողմից ներկայացնելով ռիսկերի նվազեցման առավել հստակ փաթեթ՝ «Դուշանբե պլյուս» անվանումով: Այս գաղափարներն, անշուշտ, կարևոր են և կարիք ունեն հետևողական զարգացման:

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]