Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թութ թափ տալու մրցույթ, օղու թորում, երգ ու պար. Գորիսում կանցկացվի ավանդական դարձած Թթի փառատոնը

Թութ թափ տալու մրցույթ, օղու թորում, երգ ու պար. Գորիսում կանցկացվի 
ավանդական դարձած Թթի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թթի սիրահարները կհամախմբվեն Քարահունջ գյուղում. առիթն արդեն ավանդույթ դարձած հուլիսի 6-ին կայանալիք Թթի փառատոնն է: Քարահունջ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ այդ համայնքում կան գեղեցիկ թթի այգիներ, որտեղ թթի տոն կազմակերպելու լավ հնարավորություններ են ստեղծված:

«Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ: Մրցույթի հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի. այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները»,- ասաց Նունե Մանուկյանը: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ամբողջ գործընթացը, տեղում կթխեն լավաշ, գաթա: Միջոցառումները կուղեկցվեն ավանդական հայկական երգ ու պարով: Նունե Մանուկյանը նշեց, որ միջոցառումային տուրիզմը զարգացում է ապրում, որում մեծ դեր ունեն փառատոնները: Ի դեպ, դրանք ընդգրկվում են տուրօպերատորների փաթեթներում:

Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում փառատոնների դերը բազմիցս կարևորվել է, քանի որ իրականացնում են նաև մշակութային արժեքների պահպանման և վերակենդանացման գործառույթ:

«Այն արժեքները, որոնք կան մեր համայնքներում, բացահայտելու, տարածելու խնդիր ունեն: Փառատոններում դրանք ներկայացնելը լավագույն տարբերակն է: Այս միջոցառումները զարկ են տալիս նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը: Տուրօպերատորների կողմից մեծ հետաքրքրություն է դրսևորովում»,-ասաց նա:

Անահիտ Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում փառատոնների բազմազանություն կա, 30-ից ավելի փառատոններ արդեն գրանցված են որպես ավանդական միջոցառումներ: Դրանց հիմնական մասն անցկացվում է մարզերում: Սա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը հնարավորինս ապակենտրոնացվում է:

«Փառատոններն իրենց հերթին նպաստում են համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Բնակիչները մեծ ուրախությամբ են մասնակցում, կարողանում են իրենց ծառայությունները, ապրանքները ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել»,-ասաց Անահիտ Ոսկանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]