Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Հայաստանը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող զբոսաշրջիկների համար կձևավորվեն հատուկ առաջարկներ

Հայաստանը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող զբոսաշրջիկների համար 
կձևավորվեն հատուկ առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է երկիրը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող վրացի և ռուս զբոսաշրջիկներին դիմավորել ու ճանապարհել լավագույնս, լինել ավելի ուշադիր, հատուկ առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Երևանում մի քանի օր մնալն ու տուրերից օգտվելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

-Տիկին Սաֆարյան, նախ Վրաստանի հետ զբոսաշրջային ինչպիսի ՞ արդյունքներ ունենք:

-2018-ի տվյալներով, որն ամփոփում է ամբողջ տարին, ունենք 300 հազարից ավելի այցելուներ Վրաստանից: Այցելության նպատակները տարբեր են՝ ինչպես զբոսաշրջային, այնպես էլ տարբեր առիթներով: Երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, փորձում ենք սերտացնել հարաբերությունները, որպեսզի երկու երկրներում տեղեկատվության բարձրացման արդյունքում ունենանք ավելի շատ այցելություններ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Վրաստան: Փորձում ենք սերտացնել մասնավորների հարաբերությունները երկու երկրներում, որպեսզի կարողանանք արդյունք գրանցել։ 2017-ի նկատմամբ 2018-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով նվազել է։

-Վրաստանում իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է միջանցք հանդիսանալ՝ օգնելով երկու բարեկամ պետություններին, ռուս զբոսաշրջիկները Հայաստանի միջոցով կարող են գնալ Վրաստան: Այս առումով կոմիտեն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

-Փորձում ենք յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որն այցելում է Հայաստան: Եթե այս պահին, ելնելով հանգամանքներից, ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների թվի աճ, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները, ապա մեր քայլերը ևս լինելու են նրանց լավագույնս դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու ուղղությամբ, ինչպես նաև հատուկ առաջարկներ ձևավորելու ռուսական շուկայի համար: Նրանք, միգուցե, տարանցիկ հատվածում կարողանան Հայաստանում մի քանի օր անցկացնել։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներն էլ Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ուղղություն: Այս դեպքում մեր քայլերն ուղղված են լինելու այդ տարանցիկությունն առավել փափուկ անցկացնելուն: Այսինքն՝ զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ ավիաչվերթների սպասման ժամանակահատվածի հետ կունենան խնդիրներ, կառաջարկենք որոշակի ժամանակ անցկացնել Երևանում, միգուցե «սիթի տուր» անցկացվի նրանց համար: Չենք առանձնացնում զբոսաշրջիկներին, որոնք գալիս են Հայաստան, քաղաքական ենթատեքստից անկախ՝ մենք բոլորին միևնույն կերպ ենք ընդունում և ճանապարհում:

-Շատ է խոսվում Վրաստանի հետ միասնական տուր փաթեթներ ունենալու մասին, ինչքանո՞ վ է դա իրագործվել, կա՞ ն արդյոք միասնական փաթեթներ, և առաջիկայում պատրաստվո՞ ւմ ենք ընդլայնել:

-Փաթեթների ձևավորումն ու վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների միջոցով: Մասնավորները դեռևս նախորդ տարիներին սկսել են աշխատել միմյանց հետ, դրա մասին են վկայում համատեղ առաջարկները՝ և վրացական, և հայկական կողմից: Թե հայկական, թե վրացական կողմը դիտարկում են փոխադարձ այցելություններ, եթե խմբի ցանկությունը կա: Մենք պետք է փորձենք ուժեղացնել այդ կողմը, որ ողջ աշխարհը Հայաստանն ու Վրաստանը ճանաչի որպես մեկ տարածաշրջան, մեկ միավոր: Այս պահին մասնավորի կողմից ձևավորվել են բիզնես առաջարկներ, պետությունը ևս ուշադրություն է դարձնում, որ իրենք ավելի վստահ ու ընդլայնված համագործակցություն սկսեն, որի արդյունքում նաև պետությունների մակարդակով կներկայացվեն այդ զբոսաշրջային փաթեթները: Փորձելու ենք երկկողմանի համագործակցության եզրեր գտնել, դա կարող է լինել համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու տեսքով, կարող է լինել երկու երկրներում համատեղ մարքետինգային արշավներ, համատեղ միջոցառում իրականացնելու տեսքով։

-Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի վրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազել է, ի՞նչը կշտկի իրավիճակը: Այս տարվա առաջին եռամսյակին Հայաստանից Վրաստան է այցելել 326840 մարդ, նույն ժամանակում Վրաստանից Հայաստան՝ 74757, ի՞նչ քայլեր եք նախատեսում, որ որպեսզի վրացի զբոսաշրջիկներն էլ նույն ինտենսիվությամբ այցելեն Հայաստան, ինչ հայերը՝ Վրաստան։

-Երկու երկրներում համատեղ ճանաչողական այցերի, համատեղ տեղեկատվական արշավների իրականացումը կօգնի, որպեսզի Վրաստանի զբոսաշրջիկները Հայաստանը դիտարկեն որպես թեկուզ շաբաթվա վերջին երկու հանգստյան օրերի ուղղություններ, ինչպես հայերն են անում: Սովորաբար, զբոսաշրջիկները գնում են այնպիսի տեղեր, որը տարբերվում է իրենց երկրից: Հայերը նախընտրում են գնալ Վրաստան՝ ծովի համար, մենք էլ պետք է այնպիսի առաջարկներ ձևավորենք, որը հետաքրքիր է ծով ունեցող երկրի ժողովրդին: Կարծում եմ, որ արկածային տուրիզմի հետ կապված յուրահատուկ առաջարկները, քաղաքային ժամանցը, մշակույթը կարող են հետաքրքրել նրանց։

-Եվ վերջում խնդրում եմ նշեք այն երկիրը, որտեղից ամենաշատն են այցելում Հայաստան:

-Ամենաշատն այցելում են Ռուսաստանից:

ՏԵՂԵԿԱՆՔ. ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնեցին, որ հատկապես Ռուսաստանից 2018թ. երկրորդ եռամսյակում Հայաստան ժամանումները կազմել են 173 782, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 151 761 համեմատ կազմել է շուրջ 14,5%, իսկ 2018թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ժամանումները կազմել են 239 381, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 206 894 համեմատ կազմել շուրջ է 15,7%:

Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ի վիճակի են հյուրընկալելու ավելի քան 30 000 այցելուի միաժամանակ։ Ընդհանուր թվի մեջ մոտ 8000-ը բարձրորակ հյուրանոցներում են հանգրվանում: Հայաստանում բավականին զարգացած և բազմազանեցված են զբոսաշրջիկին առաջարկվող ծառայությունները, այդ թվում` սննդի, ժամանցի, մարզային տուրերի կազմակերպման հնարավորությունները: Հայաստանի գրեթե ողջ բնակչությունը տիրապետում է ռուսերենին։ Ցանկության դեպքում զբոսաշրջիկներին կարող են ուղեկցել փորձառու, ռուսերենի իմացությամբ գրագետ զբոսավարները։ Ռուս և այլ ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկներին պատրաստ է սպասարկել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Այն ունի 1 ժամում 15 ինքնաթիռ, տարեկան 3,5 մլն ուղևոր սպասարկելու, ինչպես նաև 800 մեքենա կայանելու հնարավորություն:  

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած զբոսաշրջիկ Հայաստանի համար սպասված հյուր է, ում առավելագույն հարմարավետությանն ու ապահովությանն են ուղղված բոլոր ջանքերը։

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ