Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանին և Հովհաննես Բաչկովին

Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանին և  Հովհաննես Բաչկովին

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները  հուլիսի 1-ին քաղաքի մուտքի մոտ  դիմավորեցին Երկրորդ Եվրոպական խաղերում հաղթանակ տոնած բռնցքամարտիկներ  Արթուր Հովհաննիսյանին և  Հովհաննես Բաչկովին: Մարզիկներին դիմավորելու էին եկել  ոչ միայն նրանց հարազատներն ու  ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ  Սամվել Բալասանյանն իր ուրախությունը կիսելով լրագրողների հետ՝ անկեղծացավ՝ նման հաջողության երկար էր սպասել:   «Նման փոքր  քաղաքում 3 չեմպիոն՝  սա  իրոք  ուրախանալու առիթ  է: Այս  հաղթանակները   շատ կարևոր  են: Գյումրեցի մարզիկները եւս մեկ անգամ ապացուցեցին ՝  Գյումրին մարզական քաղաք  է: Գյումրին հաջողություններ  ունեցել ու դեռ ունենալու է՝  վստահ ենք»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով Գյումրիում մարզական մեծ  պալատ ունենալու անհրաժեշտությունը:

Ամփոփելով կիսամյակը՝ Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը  տեղեկացրեց՝  մարզական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Շիրակի մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում նվաճել են 35  մեդալ: «Սա մեծ ցուցանիշ է, քանի որ դեռևս ունենք աշխարհի առաջնություններ, և ակնկալում ենք  նոր  մեդալներ»,-նշեց Վաչիկ Վարդանյանը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  այս տարվա Եվրոպական խաղերում Հայաստանը ընդհանուր հաշվով նվաճել է 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե: Հայ մարզիկների համար շատ հաջող է եղել մրցումային վերջին օրը. նրանք նվաճեցին միանգամից չորս ոսկե մեդալ, որոնցից երեքը բաժին հասավ գյումրեցի մարզիկներին:

Առաջինը հաջողության հասավ 49 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը դարձավ Եվրոպական խաղերի գյումրեցի առաջին ոսկե մեդալակիրը: Նրանից հետո ռինգ դուրս եկավ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վերջինս նույնպես հաղթեց եզրափակչում ու երրորդ ոսկին բերեց Հայաստանին: Բացի Եվրոպական խաղերի հաղթողի կոչումից, գյումրեցի բռնցքամարտիկները հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: Բաչկովը պաշտպանեց տիտղոսը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Չորրորդ ոսկին նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը վստահ հաղթանակ տարավ եզրափակչում: Հունիսի 29-ին արծաթե մեդալակիր էր դարձել գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը: Եվրոպական խաղերի ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 11-րդ տեղը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]