Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ պատվիրակության անդամները վստահեցնում են՝ ՌԴ հարցով Ռուբինյանի քվեարկության խնդիրը տեխնիկական էր

ԵԽԽՎ պատվիրակության անդամները վստահեցնում են՝ ՌԴ հարցով Ռուբինյանի 
քվեարկության խնդիրը տեխնիկական էր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամները կողմ են եղել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության վերադարձին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի «դեմ» քվեարկությունը եղել է պարզապես տեխնիկական խնդրի արդյունք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում պատվիրակության ասուլիսում վստահեցրին անդամները:

«ԲՀԿ-ի միանշանակ քաղաքական որոշումն է եղել կողմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, ինչը ես որպես հիմնական ձայնի իրավունք ունեցող ԵԽԽՎ պատվիրակ իրականցրել եմ: Վստահաբար կարող եմ պնդել, որ Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը եղել է տեխնիկական վրիպակ, որովհետև դահլիճում եմ եղել, ներկա եմ եղել դրան»,-վստահեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ 12 տարի ԵԽԽՎ-ի պատգամավոր է և չի հիշում, որ հարցի քննարկումը տևի այդքան երկար: Զոհրաբյանը շեշտեց, որ իրենց դիրքորոշումն այդտեղ սկզբունքային էր, Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներից է, որ նրա անդամ պետությունները պետք է ունենան ձայնի իրավունք, և բոլոր խնդրահարույց հարցերը պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում: «Եվ վրացական և ուկրաինական պատվիրակություններից իմ գործընկերները բնականաբար որոշակի մտահոգություն ունեին մեր քվեարկության հետ կապված, ես իրենց էլ բացատրել եմ, որ դա իրենց իսկ շահերից է բխում, որ խորհրդում իրենց կողմից բարձրացվող հարցերի համար պատասխանող կողմ լինի»,-ասաց Զոհրաբյանն ու նշեց, որ այդ առումով կարծում է, որ Ռուսաստանի պատվիրակության մանդատի վերականգնմանն իրենց կողմ քվեարկությունը միանգամայն ճիշտ որոշում էր:

Հարցին անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ նույն պնդումով, որ Ռուբինյանի քվեարկության խնդիրը զուտ տեխնիկական էր: «Առաջարկվել էր 220 փոփոխություն, որոնց, ըստ էության, դեմ էին քվեարկում: Եվ վերջում այդ պահը շատ ակնթարթային էր»,-ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ լիտվացի և լեհ պատգամավորները ևս սխալ էին քվեարկել, որի մասին հետո էին հայտարարել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը մինչ անդրադառնալը նրան, թե ինչու քվեարկությանը ներկա չի եղել, նկատեց, որ Հայաստանում փաստաթղթերն ամբողջությամբ պարզ չեն դարձել: Նա ներկայացրեց նախ, թե ինչն է դրվել քվեարկության: «Կար զեկույց, որը վերաբերում էր կանոնակարգի փոփոխությանը: Ըստ էության դա թույլ էր տալիս նախկինում պատժամիջոցների տակ գտնվող պատվիրակությունների և անդամների համար վերացնել պատնեշը, որ դրանք վերադառնան: Սա էր հիմնական իմաստը, խոսքն անուղղակի էր վերաբերում Ռուսաստանին: Այս փոփոխությունը միայն մեկ իրավիճակի համար չէր, այլ ընդհանրապես դարձել է Եվրախորհրդի կանոնակարգը»,-ասաց նա:

Նա նշեց, որ եղել են 220 տարբեր առաջարկություններ, որոնք պետք է հրատապ նայվեին: Նիստն ընթանում էր մինչև ուշ գիշեր: «Ճիշտ է, որ պատվիրակությունը ներկա է գտնվում առնվազն իրեն վերաբերող հարցի քննարկմանը, և պետք է ունենա քվեարկության իրավունք: Սակայն պետք է  նայեինք նաև, որ կային նախկինում սանկցիայի տակ հայտնված անհատներ՝ որոշ կոռուպցիոն երևույթների համար: Եվ եղել են առաջարկներ, որոնք կարող էին մեկնաբանվել նաև այնպես, որ այդ մարդիկ ևս կարողանային մասնակցել: Նաև ես էի զբաղվում տարբեր առաջարկություններ քննարկելով: Եվ սա էր պատճառը, որ այդ պահին ուղղակի տեղում չեմ եղել ու չեմ սեղմել կոճակը»,-մեկնաբանեց Իգիթյանը:

Նա նշեց, որ ռուսական պատվիրակությանը լիազորություններ տալու քվեարկությանը  Հայաստանը 4 ձայնով կողմ է արտահայտվել:

Ռուբեն Ռուբինյանն ասուլիսին չէր մասնակցում, սակայն ավելի վաղ իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել էր, որ քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ հայտարարություն էր արել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, հայտարարությունը կցվել էր նիստի արձանագրությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]