Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Համակարգի գրավչությունը նվազել է. քաղծառայության ոլորտի լուծված եւ չլուծված հարցերն օրակարգային են

Համակարգի գրավչությունը նվազել է. քաղծառայության ոլորտի լուծված եւ չլուծված 
հարցերն օրակարգային են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ծառայության ոլորտում վերջին ժամանակներում զգալի փոփոխություններ են գրանցվել: Բայց բարեփոխմանն ուղղված ծրագրերին դեռեւս վաղ է վերջակետ դնելը: Դրանց իրականացումն ընթացքի մեջ է:

Ի՞նչ խնդիրներ են լուծվել ու դեռեւս ի՞նչ անելիքներ կան. թեմայի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանի հետ:

-Պարոն Դավթյան, ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքում ի՞նչ զարգացումներ են արձանագրվել:

-2002թ. ներդրվելուց հետո, քաղաքացիական ծառայությունը զարգացման մի քանի փուլ է անցել: Սկզբնական շրջանում համակարգի կայացման, այնուհետեւ զարգացման խնդիր էր դրված: 2018թ. վերանայվեցին ամբողջ քաղծառայության համակարգի կառուցվածքն  ու թիրախները: Ներկայումս մենք կիրառում ենք 2018թ. բարեփոխումների արդյունքում մշակված եւ ընդունված քաղծառայության մասին օրենքը, ինչպես նաեւ բարեփոխումներն ենք շարունակում:

Սա դինամիկ զարգացող համակարգ է եւ  ժամանակի պահանջներին պետք է համապատասխանի: 

Գրասենյակի գործառույթներից է վերլուծությունների արդյունքում մրցույթներին դիմորդներ չունենալու պատճառների, պաշտոնների սխալ գնահատման բացահայտումը: Նաեւ մշակում եք պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը:

- Վերլուծության ի՞նչ պատկեր է առկա, ու խնդրում եմ անդրադառնալ նաեւ վարձատրության քաղաքականությանը:

-Սրանք կարեւոր մեծ ոլորտներ են: Քաղծառայության գրասենյակի գործառույթների բազան ամբողջովին վերանայվել է, եւ այն դարձել է մոնիտորինգ իրականացնող: Նաեւ քաղծառայության միասնականության ապահովման պատասխանատվությունն է ստանձնել: Շատ քիչ գործառույթներ կան, որոնք գրասենյակն անմիջապես ինքն է իրականացնում:

Ինչ վերաբերում է մատնանշված ուղղություններին` այսօր դեռ նոր են իրականացվում  պաշտոնների գնահատման դասակարգում, մրցույթները ոչ ամբողջովին են գործարկված, քանի որ ունենք անցումային փուլ: Երբ համակարգն ամբողջովին կգործարկվի, դրանից հետո մենք էլ մեր գործառույթներն ամբողջովին կարող ենք իրականացնել:

Իսկ աշխատավարձի մասով հիմա բուռն քննարկումներ են ընթանում` ի՞նչ խնդիրներ կարող ենք ունենալ, որքանո՞վ կարող ենք բարձրացնել աշխատավարձը, որքանո՞վ համադրելի կլինի մասնավոր հատվածի հետ: Այս ընթացքում այդ ուղղությամբ շուրջ 12 ենթաօրենսդրական ակտ է մշակվել տվյալ ստորաբաժանման կողմից: Այսինքն` մենք կարող ենք ասել, որ այս մասով դեռ կիսով չափ ենք մեր գործառույթներն իրականացնում, քանի որ քաղծառայության մասին օրենքը դեռեւս ամբողջովին չի գործարկվում: Հուսամ` աշնանը կարող ենք ասել, որ համակարգն ամբողջովին կգործարկվի:  

Իսկ պաշտոնների սխալ դասակարգման առումով պետք է նշեմ, որ դա վերաբերում է նոր դասակարգումից հետո կատարվող ուսումնասիրություններին, քանի որ մարմինները դեռ մասամբ են իրականացրել դասակարգումը: Ամեն մարմին ըստ իր ժամանակացույցի ներկայացնում է  դասակարգումը: Դրանից հետո միայն կարող ենք ուսումնասիրել ու հասկանալ խնդիրները:

Անընդհատ հայտարարվում է թափուր տեղի մասին, ու դիմորդներ չեն լինում: Դրանով պայմանավորված մենք դիտարկում ենք` արդյոք խնդիրը պաշտո՞նն է, թե՞ քաղաքացիները տվյալ պաշտոնը զբաղեցնելու պահանջներին չեն համապատասխանում, կամ էլ մեկ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրավիճակ է առկա:

-Իսկ աշխատաշուկայում քաղծառայողն ի՞նչ պահանջարկ ունի:

-Այսօր ասել, թե ինչպիսի իրավիճակ է` կդժվարանամ, որովհետեւ մրցույթները դեռ որպես այդպիսին չեն անցկացվում: Մարմինները ժամկետային աշխատանքային պայմանագրերով համալրում են այդ պաշտոնները: Երբ համակարգը կգործարկվի, մենք կփորձենք հասկանալ, թե շուկայի իրական պահանջարկը որքանո՞վ է գրավիչ:

Նախկինում մրցույթների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մեկ պաշտոնի համար միջինը 1 կամ 1.5 քաղաքացի էր դիմում: Մի շարք հանգամանքներով պայմանավորված, նվազել էր համակարգի գրավչությունը: Հիմա պետք է փորձենք խնդրին համակարգված նայել եւ հասկանալ` ինչո՞ւ չեն գալիս:

-Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված՝ քաղծառայության վերաբերյալ գործադիրին առաջարկներ ունե՞ք:

-Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: Առաջիկա շաբաթների ընթացքում վերակազմակերպման գործընթացն ավարտին կհասցվի: Դրանից հետո կնախանշվեն տվյալ մարմինների օպտիմալ կառուցվածքը, օպտիմալ թվաքանակը, որից հետո նորից անելիքներ ունենք: 

-Քաղաքացիական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո, պայմանավորված այն հանգամանքով, որ մարմիններն իրենք են մրցույթ իրականացնելու, ոմանք մեծ ռիսկեր էին տեսնում: Դուք այդ փոփոխությունն արդարացված համարո՞ւմ եք:

-Եթե դիտարկում ենք մասնագիտական առումով, կարծում եմ, նման որոշման գնալն արդարացված էր: Նախկինում բոլոր մարմինները դժգոհում էին քաղծառայության խորհրդի կողմից ընտրված կադրերից: Խնդիրը ձեւակերպվեց հետեւյալ կերպ` մարմիններն իրենք են պատասխանատու իրենց ընտրած կադրերի համար եւ պետք է տիրապետեն, թե իրենց ի՞նչ մասնագետներ են պետք: Բացի այդ, անձնակազմի կառավարման գործառույթը պետական մարմինների համար դարձավ առանձին գործառույթ` մարդկային ռեսուրսների կառավարում:

Միջազգային փորձում գերակշռում է մեր ներդրած մոդելը` ապակենտրոնացված համակարգ:

-Այս տարվա հունվար ամսից քաղծառայողների շրջանակն ընդլայնվեց: Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդլայնումը:

-Քաղաքացիական ծառայությունն առաջին հերթին կարգավիճակ է: Պետք է ասեմ, որ, օրինակ, քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայողներն առանձին օրենքով էին ծառայության անցնում: Եվ մի իրավիճակ էր ստեղծվում, որ հասարակությանը ծառայելու համար, պետական մարմին դիմելիս, քաղաքացու առաջ դրվում էր 17 պայման: Հիմնական նպատակը այդ պայմանների միասնականությունն ապահովելն է, իհարկե, որոշակի առանձնահատկություններով: Մեր բարեփոխումների նպատակներից մեկն այդ ծառայությունների ամբողջականացումն էր:

Գործընթացը դեռ չի ավարտվել: Այդ խնդիրը վերջնականապես լուծելու համար երկրորդ ռազմավարական նպատակն ունենք: Եւ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքացուն, որպեսզի նա հստակ իմանա` ինչ պայմաններ են դրված քաղաքացիական ծառայության անցնելու համար:

Թամարա Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]