Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դաշնակահար Լուսինե Գրիգորյանը Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ կատարեց վարդապետի անհայտ ստեղծագործությունները

Դաշնակահար Լուսինե Գրիգորյանը Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ կատարեց 
վարդապետի անհայտ ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բազմաթիվ հեղինակավոր բեմերում հանդես եկած դաշնակահար Լուսինե Գրիգորյանը Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ մենահամերգով ներկայացավ հայրենիքում` կատարելով նրա՝ վերջերս հրատարակված անհայտ ստեղծագործություններից, որոնք վարդապետը գրել է Բեռլինում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Մենահամերգի առաջարկը ստացել եմ թանգարան-ինստիտուտից: Շատ եմ ոգևորվել, որովհետև իմ գործունեության մի մեծ մաս նվիրել եմ Կոմիտասի ստեղծագործությունների  ուսումնասիրությանը և դրանց կատարմանը»,-նշեց երաժիշտը:

Անդրադառնալով Կոմիտասի անհայտ գործերին` նա խոստովանեց, որ դրանց ոչ տարածված լինելը մեծամասամբ իրենց` երաժիշտների բացթողումն է:

«Մենք ուսումնասիրել ենք այն ստեղծագործությունները, որոնք Ռոբերտ Աթայանն է հրատարակել: Մի օր  գրախանութներից մեկում էի և տեսա Կոմիտասի  գերմանական գործերի հրատարակությունները, որոնց մասին վաղուց էի լսել: Կարծում էի, թե դրանք միայն վոկալ-դաշնամուրային գործեր են: Պարզվեց` կան նաև դաշնամուրային ստեղծագործություններ (սոլո): Անմիջապես գնեցի գիրքն ու  Երևանում  հունիսի 15-ին նախատեսված համերգային ծրագիրը  հետաձգեցի հունիսի 28-ին, որպեսզի հասցնեմ ներկայացնել նաև այդ ստեղծագործություններից մի քանիսը»,-պատմեց Գրիգորյանն ու հավելեց, որ դրանք հրաշագեղ են, և, վստահ է, որ ունկնդիրը շատ է զարմանալու կոմպոզիտորական նոր լուծումներից:

Նրա խոսքով` եթե մինչ այժմ հրատարակված և հնչած գործերը («Պարեր», «7 երգ», «Մանկական նվագ», «Մշո շորոր») գրված են ֆոլկլորային թեմաների հիման վրա, ապա այս ստեղծագործություններում օգտագործված չեն հայկական ժողովրդական թեմաներ։

Համերգային ծրագրում հնչեցին նաև կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Արթուր Ավանեսովի և Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները։ Առաջին անգամ ներկայացվեց Արթուր Ավանեսովի «Velvet» ստեղծագործությունը՝ գրված Թավշյա հեղափոխության օրերին։

Լուսինե Գրիգորյանը ծնվել է Գյումրիում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ավարտել է  ասպիրանտուրան` Ռոբերտ Շուգարովի ղեկավարությամբ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ավստրալիայում: Որպես մենակատար հանդես է եկել այնպիսի հեղինակավոր փառատոններում, ինչպիսիք են` Հոլանդ ֆեստիվալը (Ամստերդամ), Բոզաղը (Բելգիա), Նոստալգիան (Լեհաստան), Քեմբերա ֆեստիվալը (Ավստրալիա) և այլն: 2015 թվականին Շվեցարիայի Լուգանո ռադիոստուդիայում ձայնագրել է Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, որը հրատարակվել է 2017 թվականին՝ գերմանական հանրահայտ ECM records-ի կողմից: Այս սկավառակը և Լուսինե Գրիգորյանի կատարողական արվեստը բարձր են գնահատել այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են` BBC music magazine-ը, Gramophone-ը , Klassik Akzente-ն, Crescendo-ն և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]