Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ը համատեղ ծրագրեր է իրականացնելու եվրոպական երկրների դեսպանությունների հետ

«Ոսկե ծիրան»-ը համատեղ ծրագրեր է իրականացնելու եվրոպական երկրների 
դեսպանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, իրականացվելու են համատեղ ծրագրեր ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Իտալիայի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության դեսպանությունների հետ համագործակցության արդյունքում:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին համագործակցող կողմերի ներկայացուցիչները:

«Ըստ իս` «Ոսկե ծիրանը» կարևոր կինոփառատոն է, որը հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակում:  Այս փառատոնի շնորհիվ հանրությունը բացահայտում է միջազգային կինեմատոգրաֆիայի բազմազանությունը, որի անբաժան մասն է կազմում ֆրանսիական կինոն»,-ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Նա հավելեց, որ այս տարի ներկայացվող 110 ֆիլմից 23-ը ֆրանսիական են կամ ստեղծվել են Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունքում:

Նա շեշտեց, որ Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության քառօրյա դասընթաց են անցկացնելու հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում ցուցադրվելու են  մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդերբերգերի  խոսքով`գերմանական կողմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցում է երկար տարիներ ինչպես ֆիլմերի ցուցադրման, այնպես էլ կինոաշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում հյուրընկալելու հարցում:

«Այս տարի ներկայացվելու է գերմանական հինգ բազմաժանր կինոնկար: Այդ ֆիլմերի ցուցադրությամբ ցանկանում ենք, որ հայ հանրությունը ծանոթանա  այն հարուստ ներկապնակին, որը գոյություն ունի այսօր գերմանական կինոյում»,-շեշտեց նա:

Վենդերբերգերն ընդգծեց, որ ներկայացվելու են Վիմ Վենդերսի Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:

Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:

Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ փառատոնի ընթացքում անցկացվելու է «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրի քաղաքում: Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

 «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում: Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը: 

Հուլիսի 5-9-ը կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ տեղի կունենան վեց կիոնախագծերի համար, որոնց կվարեն Լոձի համալսարանի դասախոսներ Կաշիա Բոնեցկան ու Պիերտաս Բատրոսը: Ի լրումն այս ամենի՝ Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով հայ գործընկերների հետ:

Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը (բացօթյա ցուցադրություն): Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, ով հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

Կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ անցկացվելու է վարպետության դաս, որը վարելու է բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Հուլիսի 9-ին Ս. Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]