Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ազնավուրի վերջին գիրքն առաջին տեղում է. փաստավավերագրական. մայիս, 2019

«Երևանյան բեսթսելեր». Ազնավուրի վերջին գիրքն առաջին տեղում է. 
փաստավավերագրական. մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ մայիսի վաճառքների:ՙ

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքն առաջին հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը երրորդ հորիզոնականում է: «Իմ, ժամանակի ու Ռուսաստանի մասին՝ երկյուղալի անկեղծությամբ»,- գիրքն այսպես է բնորոշում Վ. Պոզները: Գիրքը գրվել է 21 տարի առաջ, անգլերեն, ԱՄՆ-ում այն 12 շաբաթ մնացել է The New York Times թերթի բեսթսելերների ցանկում: Երկար սպասումից հետո միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Հայերեն հրատարակվել է 2019 թ.:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» չորրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-Էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:

Վեցերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Գրքի հեղինակի զրուցակիցները պատմում են մեր ժամանակների ամենաերևելի անհատականություններից մեկի՝ գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, երկու հասարակարգերի բախումը և որպես այդ բախման հետևանք՝ բարոյական և հոգեբանական ավերածությունները, հնարավոր ու անհնար բոլոր աղետները հաղթահարելու նպատակասլացությունը, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներևակայելի շրջադարձերով:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքն ութերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Իններորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Տասներորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Շառլ Ազնավուր

«Կյանքից կառչած»

Newmag 384
2 նոր

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 270
3 նոր

Վլադիմիր Պոզներ

«Հրաժեշտ պատրանքներին»

Օրակուլ 149
4 նոր

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 145
5 նոր

Ալան Դիբ

«1-Էջանոց մարքեթինգային պլան»

Էդիթ Պրինտ 65
6 +1

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 46
7 -1

Վասակ Դարբինյան

«Վանոյի հետ և առանց Վանոյի»

հեղ.հրատ 33
8 նոր

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 31
9 -1

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 29
10 -5

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 27

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]