1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կնիքի պահանջի վերացում, թվային կառավարում. խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «կադաստրային նախագծերին»

Կնիքի պահանջի վերացում, թվային կառավարում. խորհրդարանական հանձնաժողովը 
դրական եզրակացություն տվեց «կադաստրային նախագծերին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը կողմ արտահայտվեց «կադաստրային» նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում քննարկելուն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում, որոնց ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկոչվի Կադաստրի կոմիտե, կվերանա «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջը, կկարգավորվի Կադաստրի (այդ թվում՝ Ինտեգրված կադաստրի) էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեությունը։

 

Կնիքի պահանջի վերացում

Հարցը հանձնաժողովում զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ սրանով Կադաստրի տրամադրած բազմաթիվ փաստաթղթերի իսկությունը՝ սեփականության վկայական, միասնական ու այլ տեղեկանքներ, կհաստատվի ոչ թե կնիքով, այլ առցանց։ Յուրաքանչյուր փաստաթուղթ առանձին կոդ է «գեներացնելու», որով ամեն ոք կարող է Կադաստրի պաշտոնական կայքի էլեկտոնային բաժնում (e-cadastre.am) ճշտել դրա իսկությունը և օգտագործել.

«Սա շոշափելիորեն կհեշտացնի Կադաստրի գրասենյակ դիմողների գործը. դիմումը հանձնելու և տեղեկանքը ստանալու երկու այցերը կդառնան մեկ՝ բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։

 

Սեփականության էլեկտրոնային վկայական

Առաջարկվող փոփոխություներով, սեփականատիրոջը հնի փոխարեն նոր նմուշի վկայական տալու հնարավորություն է ստեղծվում (գործող օրենքով հին նմուշի՝ «ծալովի», վկայականը նորով չի փոխարինվում)։

«Սեփականության վկայականում ցանկացած փոփոխության դեպքում կտրամադրվի նոր տեսակի առցանց վկայական, իսկ հին վկայականները կամաց-կամաց դուրս կգան շրջանառությունից»։

 

Ապակենտրոնացում՝ խնայողության հեռանկարով

Փաթեթն ընդունվել-ուժի մեջ մտնելուց հետո Կադաստրի կոմիտեն արդարադատության նախարարության հետ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես կգա, որով նոտարական գրասենյակներում արվող անշարժ գույքի բոլոր գործարքները պարտադիր կերպով կմուտքագրվեն Կադաստրի համակարգում.

«Այս փոփոխությունների արդյունքում մոտավորապես 50 տոկոսով կկրճատվի Կադաստրի գրասենյակների ծանրաբեռնվածությունը։ Այդ գրասենյակները մենք անվանում ենք front office, և նրանց աշխատանքի համար մենք տարեկան շուրջ 700 մլն դրամ ենք ծախսում։ Կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով շոշափելի խնայողություններ կունենանք այս առումով ևս»։

Զեկուցողը նաև նշեց, որ այս և այլ բարեփոսխումների կիրառումը կբերի կադաստրի ծառայությունների սակագներն իջեցնելուն։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ընդունված օրենքի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։ Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը և հրատապությունը Սարհատ Պետրոսյանը բացատրեց նախ կառավարության որդեգրած սկզբունքով՝ օր առաջ բարելավել պետության մատուցած ծառայությունների որակը։ Մյուսը Գործարար միջավայրի բարելավման ծրագրով ստանձնած պարտավորությունը կատարելն է, և՝ ժամանակին։

Փաթեթը հունիսի 28-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում է և, ամենայն հավանականությամբ, առաջին ու երկրորդ ընթերցմամբ (ամբողջովին) ընդունելու համար կկիրառվի քննարկման 24-ժամյա ռեժիմ։

Ի դեպ, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ի վեր Սարհատ Պետրոսյանն այսօր առաջին անգամ էր օրենքի նախագիծ զեկուցում խորհրդարանական հանձնաժողովում։ Արտահերթ նստաշրջանում էլ դա կլինի պաշտոնավարումից ի վեր Ազգային ժողովի նիստում որևէ հարցով առաջին հիմնական զեկուցումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]