Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ Խմբակցությունները ճեպազրույցին չեն շրջանցել ՍԴ նախագահի թեման

  ԱԺ Խմբակցությունները ճեպազրույցին չեն շրջանցել ՍԴ նախագահի թեման

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցությունները տարբեր տեսակետներ ունեն Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցությունների պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցում չշրջանցեցին այս հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը սահմանադրական նորմերի վերաբերյալ ցանկացած անհատական մեկնաբանություն համարեց անընդունելի: 

«ՍԴ-ի ներկա նախագահ Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է Սահմանադրական դատարանի դատավոր: Եվ ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ անընդունելի է: Կարծում ենք, որ մենք բոլորս պետք է զերծ մնանք մեկնաբանելուց Վահե Գրիգորյանի վիճարկումը, թե ով է ՍԴ-ի դատավորը, դրա մեկնաբանությունը կարող է տալ միայն ՍԴ-ն: Այսինքն՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այս պահից ստանձնում է լիազորությունները, սակայն անցել է քանի օր, ու նա չի ստանձնել լիազորությունները: Եվ եթե նա չդարձավ ՍԴ-ի նախագահ, ես կարծում եմ, որ նա կունենա լուրջ խնդիրներ»,-ասաց Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով` Սահմանադրության անցումային դրույթներում երաշխավորված են թե Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը որպես ՍԴ դատավորներ, թե ՍԴ-ի նախագահի պաշտոնավարումը:

Խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Թովմասյանն ընտրվել է ՍԴ-ի նախագահ համապատասխան իրավական ակտով, ԱԺ-ի որոշմամբ, դրան հաջորդող համապատասխան ակտերով: «Այսինքն, եթե Վահե Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ապա նա կարող է դիմել Վարչական դատարան, և այնտեղ վիճարկել»,-նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ՍԴ-ի մասով որևէ պաշտոնական հրապարակման ծանոթ չէ: Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, որ ներքաղաքական օրակարգի, նաև արտաքին քաղաքականության բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դարձել է բուռն քննարկման առարկա: «Ունենք կոնկրետ օրենսդրական կարգավորումներ, և այդ կարգավորումներից դուրս որևէ հարց չենք դիտարկում»,-նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, «անդամներ», «դատավորներ» եզրույթները դեռ պետք է բացահայտվեն: Նա նշեց, որ ՍԴ-ի նախագահը պետք է լինի դատավոր: Հարցին՝ այսինքն` Վահե Գրիգորյանի՞ն ի նկատի ունի, պատգամավորը նշեց. «Իսկ ձեր կարծիքով ՍԴ-ում երկու դատավորներից բացի ուրիշ դատավորներ կա՞ն»:

Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ևս անդրադարձավ հարցին:

«Վահե Գրիգորյանը, երբ հայտարարությունն արեց, ասաց, որ գնում է ՍԴ այդ հարցը քննարկելու գործընկերների հետ։ Հետո Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ կարճ զրույցում չցանկացավ մեկնաբանել դա, քանի որ դեռ քննարկումների փուլ է: Հրայր Թովմասյանը ևս լրատվամիջոցի հետ զրույցում չանդրադարձավ հարցին: Այսինքն` այն մարմինը, որին վերաբերում են հարցերը, չեն անդրադարձել, նշել են, որ քննարկումների մեջ են, որևիցե հրապարակային կարծիքի հնչեցումը կարող է քննարկումների բովանդակությանը խանգարել: Եթե քննարկման կողմերը չեն մեկնաբանում, ինչքանո՞վ է ճիշտ, որ մենք մեկնաբանենք»:

Հարցին, թե իշխող քաղաքական ուժը ՍԴ-ի նախագահի համար ունի արդյոք քաղաքական որոշում, Գրիգորյանը նշեց՝ ոչ, քաղաքական ուժը որևէ դատարանի դատավոր փոխելու կամ չփոխելու որոշում չունի, և չի էլ կարողանալու ունենալ, որովհետև դա իշխանության լիազորություններից չի բխում:

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]