1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը շահագրգռված է Վիետնամի հետ հարաբերությունների խորացմամբ. ԱԺ նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանի պատվիրակությանը

Հայաստանը շահագրգռված է Վիետնամի հետ հարաբերությունների խորացմամբ. ԱԺ 
նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանն արժեւորել է հայ-վիետնամական հաստատված միջխորհրդարանական կապերը` հույս հայտնելով, որ պատգամավորական պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական հարաբերությունների` ցանկալի մակարդակի չեն այլ ոլորտներում երկկողմ կապերը, այն դեպքում, երբ զգալի ներուժ է առկա տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության եւ շատ այլ բնագավառներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում Երեւանում եւս կգործի ՎՍՀ դեսպանությունը, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նշելով, որ իր գլխավորածը Վիետնամից Երեւան այցելած առաջին խորհրդարանական պատվիրակությունն է` Նգույեն Ման Թիենը դա բնորոշել է որպես վառ ապացույց` Հայաստանի հետ համագործակցության իր երկրի ունեցած մեծ հետաքրքրվածության: «Մենք բարձր ենք գնահատում երկու խորհրդարանների միջեւ կապերը եւ ակնկալում, որ նման փոխադարձ այցերը հնարավորություն կտան իրագործելու այլ ոլորտներում առկա մեծ ներուժը»,նշել է Նգույեն Ման Թիենը` Արարատ Միրզոյանին փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի` Վիետնամ այցելելու հրավերը:

Վիետնամցի խորհրդարանականի խոսքով` Հայաստանն իրենք դիտարկում են մի երկիր, որը լավ կամուրջ կարող է լինել Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, ուստի ակնկալում են, որ հայկական կողմն ակտիվ մասնակցություն ու դերակատարություն կունենա տարածաշրջանային մի շարք կառույցներում:

ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ՎՍՀ այցելելու հրավերի համար, ընդգծել է, որ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունի ինչպես Վիետնամի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Նրա խոսքով` ժամանակն է փոխգործակցության առումով անցնել գործնական քայլերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]