1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը կարող է լինել միասնականությունը. Գևորգ Ղազարյան

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը կարող է լինել միասնականությունը. 
Գևորգ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլը եղել և մնում է ամենամասսայական, ամենասիրելի և ամենաքննադատվող մարզաձևերից մեկը: Մենք սիրում ենք ընտրանին հաղթանակների պահին և խստորեն դատում ենք անհաջողության պահին, բայց սիրում ենք հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստին: Ընտրանին վերջին խաղում այլ որակի, այլ տեսակի ֆուտբոլ խաղաց` մեր մեջ «Եվրո-2020»-ի որակավորման փուլում արդյունքի հասնելու հույս արթնացնելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի «հնաբնակներից» Գևորգ Ղազարյանը խոսեց թիմի, իր առաջիկա պլանների և ֆուտբոլային հեռանկարների մասին:

-Գևորգ, պրոֆեսիոնալ կարիերան սկսել եք «Փյունիկ»-ից, բայց ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ֆուտբոլով և վերջնական հասկացաք` ապագան տեսնում եք ֆուտբոլում:

-Ես չեմ որոշել, որ պետք է ֆուտբոլով զբաղվել: Մեր հարևանն, ով տեսել է ինձ բակում խաղալիս, նա ինձ տարել ֆուտբոլի: Ես և մեր բակից ևս մի տղա գնացինք Մալաթիայի ֆուտբոլի դպրոցը, որն այժմ դարձել է «Բանանց» ֆուտբոլային ակումբը: Հարևանը ֆուտբոլի հետ կապ չուներ, բայց մինչ օրս էլ գալիս է իմ խաղերը նայելու: Հետո 14-15 տարեկանում, երբ ձևավորվում էր Հայաստանի այդ տարիքային ընտրանին, ինձ էլ մյուս տղաների հետ հավաքեցին մի թիմում, որն էլ հետո դարձավ «Փյունիկ»:

-Դուք խաղացել եք Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Հունաստանում և Պորտուգալիայում: Որո՞նք են այդ առաջնությունների առանձնահատկությունները:

-Երբ Հայաստանից տեղափոխվեցի Ուկրաինայի առաջնություն, շատ դժվար էր: Առաջնությունը բարձր տեմպ ուներ: Մոտ 5 հանդիպում անցկացնելուց հետո ինձ մոտ տպավորություն էր, որ ուժերս սպառվել են: Հոգնածություն կար ամեն խաղից հետո: Ուկրաինայի առաջնությունն առանձնացավ կոպտությամբ: Կարճ ժամանակ խաղացի Ղազախստանում, որտեղ ավելի ցածր մակարդակ էր, բայց գրեթե նույն տեմպն էր, հետո՝ Հունաստանում, որտեղ ավելի շատ տեխնիկական ֆուտբոլ էին ցուցադրում, իսկ Պորտուգալիայում կարծես այդ բոլորը միասին է. առավել մեծ է շեշտադրումը արագության և տեխնիկայի վրա: Նախընտրելի առաջնությունն այս ամենի մեջ պորտուգալականն է:

-Ո՞րն եք համարում Հայաստանի հավաքականի կազմում ձեր խփած ամենահիշարժան, տպավորիչ գոլը:

-Երևի Չեռնոգորիայի և Չեխիայի ընտրանիների դեմ խաղերում վերջին պահին հաղթական գոլերը:

-Հայաստանի ընտրանին «Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերին բացարձակ այլ տեսքով ներկայացավ: Ինչն էր փոխվել թիմում:

-Մթնոլորտի առումով թիմում ոչինչ չի փոխվել: Առաջ էլ էր նույնը, հիմա` էլ: Իմ կարծիքով՝ թիմի մեջ կար թարմություն: Ոչ միայն ֆիզիկապես էինք թարմ, այլ նաև հոգեբանորեն և ուղեղի թարմություն կար, որը շատ եմ կարևորում:

-Իսկ ինչի՞ հետ եք կապում դա:

-Եթե անկեղծ, ապա չեմ կարող ասել: Չեմ մտածել այդ ուղղությամբ: Օրինակ` ինձ մոտ խաղից առաջ հանգստություն և վստահություն կար: Լարվածություն չկար: Անհանգստություն կար, որը, սակայն, չազդեց խաղի ելքի վրա: Այն կարծիքին եմ, որ շատերի մոտ էր այդ զգացողությունը և այն փոխադարձ էր:

-Դեռևս ժամանակ ունենք, բայց կցանկանայի իմանալ, ինչ ակնկալիքներ ունեք Իտալիայի դեմ սեպտեմբերին կայանալիք խաղից:

-Արդյունքի առումով, բնականաբար չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Մենք ու երկրպագուները իհարկե, հաղթանակի ակնկալիք ունենք ու դրա համար ամեն ինչ պետք է անենք: Բայց ժամանակ ունենք և հարկավոր է հասկանալ, թե այդ ժամանակ ինչ մարզավիճակում կլինի հավաքականը, ֆուտբոլիստները:

-Արդյոք ունենք թիմ, որն ունակ է ոտք գցելու, եթե ոչ Իտալիայի, ապա գոնե Ֆինլանդիայի կամ Բոսնիա ու Հերցեգովինայի հետ:

-Ես կարծում եմ, որ կարող ենք ոտք գցել նրանց հետ, եթե մենք լինենք պատրաստ և անենք մեր առավելագույնը (թեպետ գիտենք, որ հավաքականի հնարավորությունները շատ լայն չեն), ապա` ինչու ոչ: Կարծում եմ կարող ենք խմբի բոլոր թիմերի համար էլ հավասարազոր մրցակից լինել:

-Ինչպե՞ս եք աշխատում Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ի՞նչ ֆուտբոլային փիլիսոփայություն ունի նա:

-Գյուլբուդաղյանցին շատ վաղուց եմ ճանաչում, դեռևս 14-15 տարեկաններից: Գյուլբուդաղյանցն իր բնավորությամբ հաղթող է, չի համակերպվում պարտությունների հետ, չի կարողանում շուտ մոռանալ: Ըստ իս նա նույնիսկ չափից ավելի շատ է մտածում, վերլուծում խաղը: Նա իր վրա է վերցնում թիմի պարտությունների պատասխանատվությունն ու խնդիրները լուծելու բարդությունները: Սակայն նաև  պահանջկոտ է: Նա կարողանում է գտնել բառեր և ասել դրանք ճիշտ պահերի:

-Ինչով է առանձնանում Հայաստանի ընտրանին մյուս հավաքականներից և որն է թիմի հաղթաթուղթը:

-Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը կարող է լինել միասնականությունը: Եվ, իհարկե, ֆուտբոլիստների լավագույն մարզավիճակը:

-Անդրադառնալով ակումբի փնտրտուքներին. ի՞նչ փուլում եք և ինչ թիմեր կան հետաքրքրվող:

-Հայաստանի ընտրանու վերջին խաղից հետո շատ առաջարկներ ունեմ և տարբեր երկրներից: Այս պահի դրությամբ դեռ որոշում չունեմ կայացրած: Ուզում եմ լավ մտածել այդ ուղղությամբ, քանի որ պետք է հաշվի առնեմ երեխաներիս դպրոցի, լեզվի իմացության հարցը: Բացի առաջնությունը, այստեղ կա նաև ֆինանսական կողմը և մարզչի գործոնի առկայությունը:

-Լուրեր են պտտվում, որ կիպրական ակումբներն են հետաքրքրված ձեզնով…

-Այո, կա նման բան: Բայց դեռևս միայն քննարկման փուլում է: Մտածում եմ:

-Իսկ արդյո՞ք կա առաջարկ Հայաստանի առաջնությունից, հայկական ակումբներից:

-Այո, տարբերակ էլ ունեմ մնալու Հայաստանում և հայկական թիմերից մեկում խաղալու, բայց առավել հետաքրքիր առաջարկի եմ սպասում: Ամեն դեպքում ուզում եմ դրսում խաղալ:

-Դուք Հայաստանի ընտրանու «հնաբնակներից» եք: Ի՞նչ կարծիք ունեք նոր սերնդի ֆուտբոլիստների մասին:

-Այժմյան նոր սերունդն ամեն ինչ ինքնուրույն հասկանում է: Բայց եթե իմ խորհուրդը կհետաքրքրի կասեմ միայն, որ պետք է շատ աշխատասեր լինել, խաղալ արտերկրում, ինչը հեշտ չէ հայ ֆուտբոլիստի համար: Հարկավոր է, որ ինքդ քո մեջ երբեք չընդունես պարտության փաստը:

 -Դուք 31 տարեկան եք, արդյոք մտածում եք կարիերայի ավարտին անցնել մարզչական աշխատանքի:

-Լրջորեն դեռևս չեմ մտածել այդ մասին, բայց մտքիս ծայրով անցել է նման գաղափար: Փորձում եմ հետաքրքրվել նման բաներ՝ հասկանալու՝ կարող եմ, թե ոչ:

-Ըստ ձեզ, ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Մեսսին:

-Ինչն եք գնահատում մարդկանց մեջ ամենաշատը:

-Ազնվությունը, բարությունը և հոգատարությունը:

-Որտեղ եք տեսնում ձեզ 10 տարի անց:

-Նորից ֆուտբոլում, բայց թե ինչ անելիս կլինեմ, դժվարանում եմ ասել:

-Ինչի մասին եք երազում:

-Հիմա արդեն չեմ երազում, միայն նպատակներ կան:

-Եթե տեսնեիք Աստծուն, ինչ կասեիք:

-Ոչինչ: Կխնդրեի, որ ներող լինի:

Գևորգ, մի քանի բլից հարցեր: Գվարդիոլա, թե Մոուրինյո:

-Գվարդիոլա:

-Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Գիրք, թե Ֆիլմ:

-Ֆիլմ:

-Պիցցա, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Մարադոնա, թե Պելե:

-Պելե:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Սիրելի մարզիկ:

-Մեսսի, Պույոլ, Ֆեդերեր:

-Սիրելի երգ:

-Արամ Ասատրյան եմ լսում:

-Սիրելի ֆիլմ:

-«Եղիայի գիրքը» (The Book of Eli):

-Սիրելի ճաշատեսակ:

-Դոլմա:

-Սիրելի վայր Երևանում:

-Արամի փողոցի նորաբաց այգին:

-Շնորհակալ եմ անմիջական զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]