Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում մրցեց Իսպանիայից Քրիստիան Վասկերի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Տոնականյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 26-ին:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում