Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԽ-ում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը

ԵԽ-ում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչը «Պատմության դասավանդման 
Օբզերվատորիա»-ի 
ստեղծման համար  կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը,որում կարևորում է նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի:

«Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը: Մենք արժևորում ենք այդ միտքը և հավատում, որ Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա կրթական համակարգերը կարող ենք շահել դրանից: Որպես Ցեղասպանությունը վերապրած ազգի ներկայացուցիչներ՝ մենք համոզված ենք, որ մարդկության դեմ գործած հանցանքները պետք է ներկայացվեն դպրոցական ծրագրերում, ինչը կնպաստի ցեղասպանությունների կանխարգելմանը: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու «Օբզերվատորիայի» ստեղծման համար և ինչ շրջանակներ է այն ընդգրկելու»,-հետաքրքրվել է Հայրապետյանը:

Մոնշալենը նշել է՝ գուշակում է, որ դա կապված է պատգամավորի ազգության հետ: Նա նկատել է,որ պատմության հետ աշխատանքը շատ կարևոր է բարդ պատմական հարաբերություններ ունեցող երկրների մեջ ներդաշնակ շփումներ ձևավորելու համար: 
«Պատմության Օբզերվատորիա» հիմնելու միտքը փաստացի կապված է ԵԽ–ում արդեն առկա պրակտիկայի հետ, երբ վեց ամիսը մեկ պատմության ուսուցիչների փոխանակման ծրագիր է տեղի ունենում: Սակայն մենք հասկացանք, որ դա շատ անորոշ է և ոչ հետևողական, ուստի միտք առաջացավ ունենալ պատմության հետաքննություն, որպեսզի մշտական ուշադրության կենտրոնում պահենք այս հարցը: 
Պատմության դասավանդումը երբեմն սկսվում է տարրական դպրոցից, երբեմն՝ միջնակարգ, որոշ երկրներում՝ համալսարանից: Պատմության դասավանդումը երբեմն կարող է սկսվել վաղեմի իրադարձություններից, երբեմն՝ կենտրոնանում ժամանակակից դեպքերի վրա, սակայն, մենք պետք է հասկանանք, որ մենք կրթում ենք Եվրոպայի ապագա քաղաքացուն, ուստի, եթե մենք միայն պատմենք նրանց պատերազմի մասին, հավանաբար նրանք հետո կներքաշվեն նոր պատերազմների մեջ, բայց եթե մենք նաև սովորեցնենք, թե ինչ ձեռքբերումներ ունենք անվտանգության և խաղաղության առումով, նրանք կմոտիվացվեն գնալ այդ ճանապարհով: 
Ահա ինչու ենք մենք առաջարկում կնքել միջկառավարական համաձայնություն և հետո բոլոր շահագրգիռ երկրները կարող ենք միանալ դրան: Ձեր աջակցությունը չափազանց կարևոր կլինի, և մենք ուրախ կլինենք, եթե ԵԽ–ն ներգրավվի այս հարցում: Ես սիրով մտքեր կփոխանակեմ Ձեր և Ձեր գործընկների հետ՝ լավ իմանալով, թե որքան սրտամոտ է Ձեզ այս հարցը»,-եզրափակել է  Ամալի դը Մոնշալենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]