Պետական գումարները ծախսվել են անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարին ավտոմեքենայի ձեռքբերման համար. հարուցվել է քրգործ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106 մլն 192 հազ. 800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին մինչև 2300 խմ վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:
Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25,7 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում