Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Խորհրդային Հայաստանը 1920-1930- ական թվականներին» խորագրով գիտաժողով

Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Խորհրդային Հայաստանը 1920-1930-
ական թվականներին» խորագրով գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդային Հայաստանում տնտեսական, մշակութային  և այլ ոլորտների նվաճումները մատնանշելու նպատակով հունիսի 24-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմական գիտությունների դոկտոր, «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիայի գիտաշխատող Խաչատուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանում  երկրորդ տարին է, որ գործում է վերոնշյալ գիտական լաբորատորիան, որի աշխատակիցները ֆինանսավորվում են ՀՀ գիտական պետական կոմիտեի կողմից, և նրանց խնդիրն է նորովի ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: Ուսումնասիրությունների արդյունքները պարբերաբար ամփոփվում են գիտաժողովների, կլոր սեղանների կազմակերպմամբ:

«Հայտնի է, որ խորհրդային տարիներին  խորհրդահայ պատմագրությունը կոմունիստական գաղափարախոսության թելադրանքով խիստ կողմնակալ է ուսումնասիրվել:  Երբ Հայաստանն անկախացավ, մենք ընկանք այլ ծայրահեղության  մեջ և սկսեցինք փնովել ամբողջ խորհրդային անցյալը, մինչդեռ այն ուներ նաև ձեռքբերումներ: Խորհրդային տարիներին կառուցվեցին համալսարաններ, զարգացավ գրական կյանքը, մշակույթն ու տնտեսությունը, ուստի լաբորատորիան իր առջև դրեց խնդիր` նորովի ուսումնասիրություններով բացահայտել խորհրդային պատմությունն ու այն փոխանցել սերունդներին»,-նշեց Ստեփանյանը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, Մանկավարժական համալսարանի ռեկտոր  Ռուբեն Միրզախանյանը:

Ռեկտորը նշեց, որ Խորհրդային Միության վերաբերյալ մոտեցումները շատ դեպքերում սուբյեկտիվ են:

«Ընդունելի չէ, երբ ժխտվում է այն ամենն ինչ կարող է այս կամ այն չափով դրական լինել: Երբ Գիտության կոմիտեի միջոցով ստեղծվեց և հաստատվեց լաբորատորիան, այն իր առաջ դրեց խնդիր` անդրադառնալ պատմագիտական նշանակություն ունեցող այն բոլոր հարցերին, որոնք Հայաստանի պատմության մեջ իրենց արտահայտությունն են ունեցել մի ամբողջ յոթանասուն տարի:

Մենք գտնում ենք, որ կան կարևոր հանգամանքներ, որոնք առավել հետաքրքիր են դարձնում 1920-1990-ական թվականների ուսումնասիրությունը»,-ասաց նա ու ներկայացրեց այդ հանգամանքները:

Միրզախանյանը շեշտեց, որ անցել են այն էյֆորիկ տրամադրությունները, որոնք կային Հայաստանի անկախության հռչակումից հետո:  «Շատ բնական է. մեր  ժողովուրդը ձեռք բերեց իր պատմական երազանքը` անկախ պետությունը, բայց պատմագիտական մտքում կային որոշակի տրամադրություններ, որոնք ժխտում էին Խորհրդային Միության շրջանի ամեն դրական բան: Դա անցավ և ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նոր ուսումնասիրությունների համար:  Երկրորդ հետաքրքիր բանն այն է, որ այսօր ակտիվ պատմաբանների մեջ շատ են այդ ժամանակների սերունդները: Մի բան է, երբ պատմաբանն ուսումնասիրում է 200-300 կամ 1000 տարի առաջվա պատմությունը, մեկ այլ բան է, երբ անմիջական ժամանակակիցն է իրադարձությունների»,-ընդգծեց Միրզախանյանը:

Գիտաժողովին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ 1920-ական թվականների հայկական ազգային պետական կազմավորումների ձևավորման խնդրին,  գրական խմբավորումներին և գրապայքարի մասին խոսեց ՀՀ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ ողջունելի է գիտաժողովի անցկացումը, քանի որ մեր պատմության ամենաուշագրավ հատվածը հենց խորհրդային ժամանակաշրջանն է, որն իր բոլոր դրսևորումներով և գաղափարական սահմանափակումներով շատ հետաքրքրական կողմեր ունի,  և այդ ամենն անհրաժեշտ է մանրակրկիտ բացահայտել, հիմնավորել  նոր փաստերով ու ներկայացնել հանրությանը:

«Ներկուսակցական պայքարը Խորհրդային Հայաստանի իշխանությունների վերնախավում 1920-1930-ական թվականներին» զեկույցով հանդես եկավ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը:

Ամբողջ գիտաժողովի շրջանակում քննարկվեցին 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանի խնդիրները` քաղաքական գործընթացները, արտաքին քաղաքականությունը, տնտեսական կյանքը, սփյուռքի հետ կապը, հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և դերը, մշակութային կյանքը, կենցաղն ու առօրյան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]