Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

ԲՀԿ պատգամավորին չի գոհացրել տարբեր ոլորտներում չարաշահումների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաղորդումը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Հաշվեքննիչ պալատի 2018-ի գործունեության մասին հաղորդման մեջ չարաշահման մասին տեղ գտած տվյալները համարում է մոտավոր: Խմբակցությունը պատրաստվում է ուսումնասիրել միջազգային փորձն ու հանդես գալ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխությունների նախագծով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Իսայանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2018-ի գործունեության մասին հաղորդումից հետո իր ելույթում:

«Բավականին մանրամասն ուսումնասիրություն է կատարվել, վատնվել է հսկայական ժամանակ և պետական ռեսուրս: Սակայն այսօրվա քննարկումներից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ արդյունքում ստացվել է չարաշահումների մոտավոր պատկեր, որը մեծ հաշվով չի ենթադրում պատասխանատվություն՝ բացառությամբ մի քանի դրվագի: Ընդհանրապես տարեկան հաղորդման վերաբերյալ հարց ու պատասխանը թույլ տվեց հանգել այն եզրակացության, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին օրենքը բավականին հեղհեղուկ է, ինչն  էլ Հաշվեքննիչ պալատի գործունեությունը դարձնում է անատամ»,-ասաց Իսյանն ու հավելեց, որ օրենքը թույլ է տալիս հանդես գալ նման անհետևանք գնահատականներով, որը մի կողմից տալիս է չարաշահում, մյուս կողմից չի ենթադրում որևէ պատասխանատվություն:

Նրա կարծիքով՝ ԱԺ դահլիճում նստածների մեծ մասն էլ կարող էր այդ նույն չարաշահումների մոտավոր չափը կանխագուշակել: Խոսելով հաղորդման մեջ տեղ գտած մոտավոր ձևակերպումներից՝ Իսայանը բերեց մի քանի օրինակ: «Նշված է, որ սոցիալական ոլորտում ֆիքսված են մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր, 60 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89.6 մլն դրամի չափով: Մինչդեռ հաշվեքննության տվյալ հատվածի վերջում մի քանի նախադասությամբ տրված պարզաբանումն ինձ չի գոհացնում ու զարմացնում է: Հաշվեքննության արդյունքներն ուղարկվել են ՀՀ կառավարություն, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկվել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կստուգի արձանագրված ռիսկերը»,-նշեց նա:

Անդրադառնալով հաղորդման մեջ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ  չարաշահումներին՝ նաև նկատեց, որ ոլորտում հստակ չարաշահումներն արձանագրելու համար պետք էր ժամանակային առումով մի փոքր ավելի հետ գնալ: «Մասնավորապես, պետք էր ներկայացնել այն ժամանակը, երբ դուք համակարգում էիք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ ձեր այժմյան խորհրդականը ԲԷՑ-ի տնօրենն էր: Նշված այժմյան բոլոր չարաշահումներով ծրագրերը մեկնարկել են այդ ժամանակահատվածից»,-ասաց Իսայանը՝ դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին:

Իսյանի խոսքով՝ իրենց խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում ուսումնասիրել միջազգային փորձը, և հանդես գալ առաջարկությամբ՝Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ