Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Շարմազանովը ՀՀ-ի շահերի տեսանկյունից բացասական է որակում ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ շահերի տեսանկյունից բացասական է որակում ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շարմազանովը հայտնեց հունիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում` նշելով, որ հունիսի 23-ին է վերադարձել Վրաստանից, օրեր առաջ էլ եղել է Ռուսաստանի Դաշնությունում:

«Եղել եմ Թբիլիսիում, և կարող եմ ասել, որ այնտեղ այն իրավիճակն է, որը շատ ակտիվ լուսաբանվում է նաև հայկական լրատվամիջոցների կողմից: Քաղաքի կենտրոնում, բնականաբար, երբ կան միտինգային տրամադրություններ, որոշակի լարվածություն կա: Բայց Ռուսթավելի պողոտայից այն կողմ այդ լարվածությունը չի նկատվում»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ իրավիճակի որևէ լարվածության պարագայում Հայաստանը դրանից որևէ լավ բան չի կարող շահել:

«Այս ռուս-վրացական լարվածությունը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Մենք շատ մտահոգված ենք, որովհետև Ռուսաստանը մեր դաշնակից, եղբայր երկիրն է, Վրաստանը մեր հարևանը, և էլի մեր եղբայր երկիրն է: Հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր անցյալ, և մենք ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունից չենք կարող որևէ դիվիդենտ շահել: Թե տնտեսական առումով Լարսի հետ կապված, թե քաղաքական բազմաթիվ խնդիրների հետ կապված, մենք կարող ենք տանուլ տալ, որովհետև, եթե գումարենք նրան, որ լարվել են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև, այդ դեպքում մեր և հյուսիսային, և հարավային դարպասները բավական լուրջ մարտահրավերների առջև են կանգնած»,- նշեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ