Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն  հունիսի 24-ին ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ թեև մեր երկու երկրները ունեն պատմական, քաղաքական և տնտեսական խորը առնչություններ, սակայն Հայաստանի և Արգենտինայի արտակարգ իրավիճակների կառույցները տակավին չունեն համագործակցություն:  Նա առաջարկեց ճանաչողական այցը դարձնել ապագա համագործակցության հիմք:

Նախարարը նշեց, որ աղետներ տեղի են ունենում ամենուրեք և հաճախ տարբեր երկրներում դրանք ունեն որոշակի ընդհանրություններ:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ուսանելի փորձի փոխանակումը:

 Ի թիվս այլ հարցերի, նախարարը հիշատակեց  Հայաստանում գործող հակակարկտային կայանների ներմուծումն Արգենտինայից և նշեց, որ դրանք ունեն արդյունավետության խնդիր:

Հնարավոր ռիսկերից խուսափելու համար՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց կարկտապաշտպան ցանցերի ներդրումը և գյուղատնտեսության ապահովագրությունը:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան համոզմունք հայտնեց արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ և առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ նախանշելու համագործակցության մասնագիտական ուղղությունները և հնարավոր աղերսները:

Դեսպանն ասաց, որ Արգենտինայում կարկուտի դեմ պայքարը սկսում են երկնքում և նախարար Ցոլակյանին առաջարկեց օգտվել Արգենտինայում արտադրվող ռադարներից, որոնք կարող են ուսումնասիրել մթնորորտի վիճակը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը համարել սկսված և նպատակադրվեցին այսուհետ լինել առավել գործնական:

 

 

 

  




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ