Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մշակութային Երևանը` ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի այցը Սանկտ Պետերբուրգ

  Մշակութային Երևանը` ՌԴ մշակութային մայրաքաղաքում. ավարտվեց քաղաքապետի 
այցը Սանկտ Պետերբուրգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի պատվիրակությունը պաշտոնական այցի երկրորդ օրը այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների 186 եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան պատվիրակության անդամների հետ այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետ երևանյան պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին:

Երևանի օրերը նշելու ընթացքում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի: 18-րդ դարի երկրորդ կեսին Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և համայնքի նվիրատվություններով կառուցված տաճարն այսօր Սանկտ Պետերբուրգի հայերի մշակութային ու հոգևոր կենտրոնն է: 

Մշակութային միջոցառումների շրջանակում Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ինքնակենսագրական մոնոներկայացումը: Հանդիսատեսը ներկայացման շնորհիվ ծանոթացել է արցախյան պատերազմի տարիներին հեղինակի մանկության պատմությանը:

Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը Սանկտ Պետերբուրգում ամփոփվել է Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ: Արարողությանը մասնակցել են Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը, կառավարության անդամներ, գիտության, արվեստի և մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պաշտոնական ընդունելության ժամանակ պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը հանդիսավոր կերպով քաղաքապետ Հայկ Մարությանին է հանձնել Երևանի 2800-ամյակի դրոշը, որը 195 օր եղել է տիեզերքում` միջազգային տիեզերական «Միր» կայանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]