Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

S-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ ՀՀ-ում և Արցախում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները

S-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ ՀՀ-ում և Արցախում 
շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են հակադարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օդային տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը:

Փոխգնդապետ Տոռոզյանի ենթակայության տակ գտնվող զորամասը հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած մարտական հրաձգությամբ զորավարժությունների մասնակիցներից մեկն է:

«Զորամասը շուրջօրյա կրում է մարտական հերթապահության համար 2 պատրաստականությունը: Զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրներն, այնպես էլ արդիականացված զենիթահրթիռային համալիրները: Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք օրվա ցանկացած պահի և եղանակի: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից»,- ասաց Տոռոզյանը:

Զորավարժությունների ընթացքում զորամասում փորձարկվում են նաև S-300 հեռահար զենիթահրթիռային համալիրները:

«Մինչև 6 րոպեում զենիթահրթիռային համալիրները բերվում են համար 1 պատրաստականության վիճակի և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Զորավարժության ընթացքում փորձարկվում են նաև հայկական արտադրության նոր տեսակի ռադիոլոկացիոն կայանները: Մշակվում են փոխգործակցության հարցերը Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների հետ»,- նշեց փոխգնդապետը:

Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:

Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am