Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի հետ


ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային եւ Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես հանդիպման սկզբում նշեց Տանյա Ռադոչայը, նախկինում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ծրագրեր է իրականացրել մարզում, մասնավորապես, կրթական, առողջապահական ու երեխաների իրավունքների պաշտպանության  ոլորտներում, իսկ այժմ մարզպետարանի հետ կազմակերպությունը քննարկելու է նոր ծրագրերի իրականացման գաղափարներն ու հեռանկարները: «Մենք ցանկություն ունենք ձեր մարզում նոր ծրագրեր իրականացնելու «Եվրամիությունը հանուն քաղաքացիների» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի բաղադրիչներից մեկը նախատեսում է մանկապարտեզների ստեղծում հեռավոր ու սակավ բնակչություն ունեցող գյուղերում: «Ասիական զարգացման հիմնադրամի» միջոցներով էլ  նախատեսվում է կրթական ծրագրերի իրականացում մարզի խոշորացված համայնքներում, 14-16 տարեկան դպրոցականների շրջանում, որով դպրոցականները ձեռք են բերելու ծրագրային մտածողության, մրցունակության կարողությունների զարգացման ու բնապահպանական գիտելիքներ:Ծրագրերի իրականացման համար ակնկալում ենք  ձեր աջակցությունը եւ համագործակցությունը մարզպետարանի համապատասխան կառույցների ու համայնքապետարանների հետ»,-նշեց Տանյա Ռադոչայը:

Մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպության ներկայացուցիչներին՝ մարզում նախկինում իրականացված ծրագրերի ու համագործակցված աշխատանքի համար, միաժամանակ շեշտեց, որ այժմ այն թարմացնելու, երկու կողմերի համար վերալիցքավորվելու անհրաժեշտություն կա:

«Գեղարքունիքի մարզը մեծ է ոչ միայն տարածքով, այլ նաեւ՝ բազմազան հիմնախնդիրների քանակով: Ոչ մի երեխա մեղավոր չի, որ ինքը ծնվել  է փոքր համայնքում ու չի կարող մանկապարտեզ հաճախել ամենատարբեր պատճառներով: Մենք շատ փոքր համայնքներում ունենք դպրոցական մեծ շենքեր, որտեղ առկա են քիչ թվով աշակերտներ ու  ազատ մակերեսներ, որոնք կարող են հիմնանորոգվել ու ծառայեցվել մանկապարտեզների գործունեությանը: Այս դեպքում մենք խնդիրը կարող ենք լուծել ավելի քիչ ծախսերով: Անչափ կարեւորում ենք նաեւ ծրագրավորման ու բնապահպանական ուղղությունների կրթական ծրագրերը, քանի որ բոլորս ենք մտահոգ թե՛ շրջակա միջավայրի մաքրության պահպանման, թե՛ աղքատության նիշի կրճատման խնդիրներով: Շրջակա միջավայրի պահպանությունն առավել պայմանավորված է Սեւանա լճով, որն ունի տարածաշրջանային կարեւոր նշանակություն, միաժամանակ՝ զանազան հիմնախնդիրներ, որոնք ավելի շատ ստեղծում են հենց մեր մարզի բնակիչները: Դրա համար հարկավոր է մատաղ սերնդին տալ համարժեք բնապահպանական դաստիարակություն, միաժամանակ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք ունենալ անաղարտ շրջակա միջավայր»-նշեց մարզպետը:

Այնուհետ Տանյա Ռադոչայը Գեղարքունիքում կարեւորեց եւս մեկ հիմնախնդիր՝ կապված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների  հետ, ինչի արդյունքում նորածին երեխաների մեջ նկատելիորեն գերակշռում են տղա երեխաները: «Մենք Գեղարքունիքում այս ուղղությամբ գիտական հետազոտություն ենք անցկացրել Ցյուրիխի համալսարանի հետ համագործակցությամբ, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Նորածին տղա երեխաների թիվը գերակշռում է ձեզ մոտ, ինչը հուշում է, որ այստեղ ընտանիքները շատ ավելի հակված են տղա երեխա ունենալուն: Վիճակը բարդանում է նրանով, որ այժմ բարձր տեխնոլոգիաների միջոցով մարդիկ վաղօրոք իմանում են պտղի սեռը եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում դիմում  հղիության արհեստական ընդհատման: Հարկավոր է այս ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել համատեղ ջանքերով»,-շեշտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:

«Տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցության խնդիրը մեզ եւս մտահոգում է: Այն մեզանում որոշակի պատմական արմատներ ունի, տղա երեխայի նկատմամբ ընտանիքներում առանձնահատուկ վերաբերմունք  կա, սակայն մենք պետք է բոլոր միջոցներով փորձենք փոխել իրավիճակը՝ շեշտն առավելապես դնելով քարոզչական ու բացատրական աշխատանքի վրա:Այս երեւույթը միաժամանակ սոցիալական ուղղվածություն ունի: Հարցն այն է, որ շատերը սահմանափակ թվով երեխաներ են ունենում, որպեսզի չծանրացնեն իրենց վիճակը եւ ապրեն ավելի հեշտ, բարեկեցիկ կյանքով: Այս դեպքում նրանք գերադասում են, որ իրենց ընտանիքում ծնված մեկ կամ երկու երեխաները տղա լինեն:Համոզված եմ, որ մարդկանց սոցիալական վիճակի բարելավման դեպքում մենք այս խնդիրն ավելի հեշտ կհաղթահարենք»,-նշեց Գնել Սանոսյանը, հավելելով, որ բոլոր ծրագրերի իրականացման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պահանջված աջակցությունը կցուցաբերի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ