1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ԵՄ հարաբերություններ թևակոխել են զարգացման բավական դինամիկ փուլ

ՀՀ-ԵՄ հարաբերություններ թևակոխել են զարգացման բավական դինամիկ փուլ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում ամփոփվեց ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում իրականացված աշխատանքները և ուրվագծվեցին հետագա քայլերը, ինչն ամրագրվեց երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում: Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի առանցքային արդյունքներից մեկը ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումը և համաձայնության ձեռքբերումն էր, որը քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր 2019թ. հունիսի 1-ին: Ճանապարհային քարտեզն, ըստ էության, այն ծրագրային փաստաթուղթն է, որն առավել  համակարգված և թիրախավորված բնույթ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այն ներառում է շուրջ 200 հստակ միջոցառում քաղաքական, արդարադատության, առևտրի, անվտանգության, մարդու իրավունքների, տրանսպորտի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում: Թերևս, գաղտնիք չէ, որ հենց գործող կառավարությունը, անգամ ամենաբարձր մակարդակով, հայտարարել է, որ ՀԸԳՀ-ն դիտարկում է երկրում բարեփոխումների իրականացման կարևորագույն գործիք և բավական գնահատելի է, որ այս կարևոր փուլում ԵՄ-ն ցուցաբերում է նաև շոշափելի աջակցություն: Այս մասին է վկայում այն, որ ԵՄ-ն, արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը, հավելյալ 25 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Այս համատեքստում բավական կարևոր է, որ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվեց և համաձայնագրի կիրարկման գործընթացի մեկնարկը տրվեց հենց գործող Եվրահանձնաժողովի օրոք և այն չմնաց Եվրահանձնաժողովի նոր կազմին (պետք է ձևավորվի հունիսին, իսկ պարտականությունները ստանձնի՝ նոյեմբերից), ինչը կարող էր որոշակի ձգձգումների պատճառ դառնալ:

ՀԸԳՀ կիրարկման գործընթացին զուգահեռ կարևոր է նաև դրա վավերացման գործընթացի վերջնականացումը, ինչը հնարավորություն կտա, որ ՀԸԳՀ-ն ամբողջապես ուժի մեջ մտնի: Այդ գործընթացը բավական հաջող տեմպերով շարունակվում է, և ԵՄ անդամ երկրներից համաձայնագիրը մինչ օրս վավերացրել են Սլովակիան, Չեխիան, Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան, ինչպես նաև Եվրախորհրդարանը և ՀՀ ԱԺ-ն:

 

Oրակարգային այլ հարցեր

ԵՄ-Հայաստան փոխգործակցության ներկայիս փուլում կարևոր ուղղություն է դիտարկվում նաև դատական համակարգի բարեփոխումը: Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի համատեղ հայտարարության մեջ ևս նշված է. «Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»: Անշուշտ, սա բավական կարևոր արձանագրում է և վերահաստատում է եվրոպական կողմի աջակցությունը, որն արտահայտվել էր Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների և ԵՄ Երևանյան գրասենյակի հայտարարության, ԵՄ դեսպանի հայտարարության մեջ:

Երկկողմ օրակարգում շարունակում է մնալ նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկի հարցը: Շարժունակության դյուրացման հարցի հետ կապված կողմերը կարծես ունեն քաղաքական կոնսենսուս, իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դա կախված է Հայաստանում բարեփոխումների գործընթացից: Հաշվի առնելով վիզաների ազատականացման Վրաստանի և Ուկրաինայի փորձը՝ պաշտոնական Բրյուրսելը առավել զգուշավոր է վերաբերվում տվյալ հարցին և սկսել է առավել կարևորել լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմանները:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններ թևակոխել են զարգացման բավական դինամիկ փուլ, որտեղ առկա է ինչպես բարենպաստ միջավայր (երկկողմ քաղաքական կամք, խորքային բարեփոխումների իրականացման պատրաստակամություն, հաճախակիացած փոխայցեր), այնպես էլ անհրաժեշտ գործիքակազմ (ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ): Կողմերն ունեն փոխըմբռնում Հայաստանի զարգացման և արդիականացման հարցում, ինչն այսօր առավել քան արդիական խնդիր է:

Նարեկ Մինասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]