Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մատենադարանը հյուրընկալում է արևելագիտական միջազգային գիտաժողով. նշվում է Արամ Տեր-Ղևոնդյանի 90-ամյակը

  Մատենադարանը հյուրընկալում է արևելագիտական միջազգային գիտաժողով. նշվում 
է Արամ Տեր-Ղևոնդյանի 90-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-արաբական հարաբերությունների ապագան Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական «Մատենադարան» ինստիտուտի հարկի տակ մեկտեղված հայ և օտարազգի գիտնականների քննարկման կարևորագույն թեմաներից էր: Մատենադարանում հունիսի 20-ին մեկնարկեց ՙԱրևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում՚ երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 8 երկրից ժամանած 34 գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի կազմակերպած գիտաժողովը բացառիկ կարևորություն ունի հայ արևելագիտական մտքի հետագա զարգացման, ինչպես նաև հայ-արաբական բազմադարյա հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

Այն նվիրված է հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի (1928-1988թթ.) ծննդյան 90-ամյակին: Միջազգային գիտաժողովի առանցքում մեծանուն գիտնականի ուսումնասիրությունների` հայ-արաբական առնչությունների շրջանակն է:

Հանդիսավոր նիստի ժամանակ պրոֆեսոր Ա. Տեր-Ղևոնդյանի որդին` Վահան Տեր-Ղևոնդյանը, կարևորելով իր հոր և Մատենադարանի կապը, ասաց. «Նա շատ կապված էր նաև Մատենադարանի ու մատենադարանցիների հետ. Իր աշխատությունների մեծ մասը ծնվել է հենց Մատենադարանի ընթերցասրահում… Պատահական չէ, որ գիտաժողովի բացումը անում ենք հենց այս սրահում»:

Անդրադառնալով վաստակաշատ գիտնականի` հայ-արաբական առնչություններին նվիրված համալիր ուսումնասիրությունների վերաբերյալ անավարտ մնացած ծրագրերի իրականացման կարևորությանը, Վ. Տեր-Ղևոնդյանն ասաց. «Արդյոք այսօր մենք` բոլորս, հայագիտական և արևելագիտական միացյալ ուժերով ի վիճակի ենք հրատարակել նման ուսումնասիրություն, նման մատենաշար: Դրա համար անհրաժեշտ է կադրեր պատրաստել, խրախուսել երիտասարդ շնորհալի մասնագետներին զբաղվելու միջնադարյան պատմության խնդիրներով»:

Պրոֆեսորը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արևելյան աղբյուրագիտության բաժնի հիմնադիրն է: Անվանի հայագետ-արևելագետն անուրանալի ներդրում ունի նաև հարազատ համալսարանի` ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում` երկար տարիներ դասավանդելով արաբական երկրների պատմություն, իսլամագիտության հիմունքներ և հայ-արաբական առնչություններ: «Ամենևին էլ պատահական չէ, որ Արևելագիտության ֆակուլտետում արդեն մի քանի տարի է, ինչ կա Արամ Տեր-Ղևոնդյանի անունը կրող լսարան-գրադարան, և մինչ օրս սա մեր ֆակուլտետի առաջին և միակ անվանակոչված լսարանն է»,-գնահատելով Արամ Տեր-Ղևոնդյանի ավանդը համալսարանում` նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:  

Գիտաժողովի ընթացքում տեղացի և հրավիրյալ գիտնականները հանդես կգան հիմնականում հայ-արաբական միջնադարյան առնչությունների շուրջ հայագիտական և արևելագիտական մի շարք զեկույցներով: Թեմային կանդրադառնան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս Գայանե Մկրտումյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, Երուսաղեմի Հրեական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ռեուվեն Ամիթային և այլք: Գիտաժողովի երկրորդ օրը «Հայաստան-արաբական աշխարհ համագործակցության հեռանկարները» զեկույցով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի պ.գ.թ. դոցենտ Արաքս Փաշայանը:

Երկօրյա գիտաժողովի հաջորդ օրը` հունիսի 22-ին, Հայաստանից և շուրջ 8 երկրներից ժամանած մասնակիցները ՀՀ ԳԱԶԱ բակից կսկսեն իրենց շրջագայությունը դեպի պատմական Ամբերդ, Սաղմոսավանք, Հովհաննավանք և Մուղնի:

Ներսես Հովսեփյան

Նելլի Իրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]