Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին

Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել Ստամբուլի ընտրողներին: Հունիսի 19-ին թուրքական Ֆիքրի Ասըմ ընկերության կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը, դիմելով Ստամբուլի բնակչությանը, կոչ է արել հունիսի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ քվեարկել «Արդարություն և Զարգացում» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Բինալի Յըլդըրըմի օգտին:

«Դուք լավ գիտեք, թե մեր կուսակցության պաշտոնավարման տարիներին ինչ քայլեր ենք իրականացրել՝ հօգուտ մեր ստամբուլաբնակ քաղաքացիների: Եթե Բինալի Յըլդըրըմն ընտրվի քաղաքապետ, ապա վստահ եղեք, որ 24-25 տարի շարունակ իրականացվող բարեփոխումներն ավելի բարձր մակարդակով են շարունակվելու», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:  

Խոսելով Հանրապետա-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ ի տարբերություն Բինալի Յըլդըրըմի, Իմամօղլուն կառավարման ոլորտում փորձ չունի: Մինչդեռ Բինալի Յըլդըրըմը եղել է պատգամավոր, նախարար, վարչապետ, նաև՝ Ազգային ժողովի նախագահ:

Էրդողանի խոսքով՝ ժողովրդավարությունը ձևավորվում է քվեատուփի մոտ, մինչդեռ Հանրապետա-Ժողովրդական կուսակցության անդամները կարծում են, որ այն ձևավորվում է փողոցում, երբ ժողովուրդը իր ազատ կամքն է արտահայտում ցույցերի և հեղափոխությունների միջոցով: Էրդողանի համոզմամբ՝ անհրաժեշտ է կրակի օրը նրանց ապացուցել, որ սխալվում են:

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը նախագահ Էրդողանի կողմից այդքան կարևորվող Ստամբուլ քաղաքում պարտություն կրեց՝ զիջելով Հանրապետա-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Արդյունքները անակնկալ եղան թե՛ նախագահի ու իր գլխավորած կուսակցության և թե՛ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող կուսակցությունների համար: Նախագահ Էրդողանի համար հատկապես պարտությունը ցավալի էր, քանի որ նա ժամանակին եղել է Ստամբուլի քաղաքապետը և իր առաջին հաջողությունները գրանցել է հենց Ստամբուլում, բացի այդ՝ Ստամբուլը համարվում է Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկը, որի կառավարման հանձնումը ընդդիմադիր կուսակցությանը մեծ պարտություն էր:

Ընտրություններից հետո թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, նախկին վարչապետ Բիլանի Յըլդըրըմը հայտարարեցին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են և հասնելու են նրան, որ Ստամբուլում կազմակերպվեն արտահերթ ընտրություններ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ