Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը հիմնանորոգման ու բժիշկ մասնագետների կարիք ունի

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը հիմնանորոգման ու բժիշկ մասնագետների կարիք ունի

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարության ենթակայությամբ գործող Վարդենիս քաղաքի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 2019 թվականի հունիսի 19-ի դրությամբ խնամվում են 450 շահառու, ովքեր այստեղ են ընդունվել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Վարդենիսի նյարդահոգեբանական  տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանը, խնամքի այս հաստատությունում պետության կողմից թեեւ ապահովված են կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները, սակայն այս պահին կարիք է զգացվում թե շենքի հիմնանորոգման, թե բուժանձնակազմի համալրման:   « Մեր շահառուներն այստեղ ընդունվում են մշտական բնակության, դուրսգրում չի լինում, իսկ նոր շահառուներին ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ  այստեղ  մահ է գրանցվում, քանի որ նյարդահոգեբանական տուն-ինտերնատը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանցով զբաղեցված է ամբողջապես, իսկ պետությունն ամբողջովին հոգում է նրանց բոլոր կարիքները՝ ընդհուպ գիշերակացը, հագուստը, կերակրումը, բուժումը: Վերջերս նույնիսկ մի շահառուի սրտի ստենտավորում է պետպատվերի շրջանակներում իրականացվել մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում: Շատ ավելի թեթեւ հիվանդությունների դեպքում պետպատվերն իրականացնում ենք մարզի բուժհաստատություններում, իսկ ավելի հաճախ ու արդյունավետ՝ Վարդենիսի հիվանդանոցում: Մարզպետարանի հետ համագործակցությունն այս առումով բավականին հաջող է ստացվում: Շահառուի մահվան դեպքում պետությունը հոգում է նույնիսկ թաղման ու շիրմաքարի տեղադրման ծախսերը, եթե նրա հարազատները չեն ցուցաբերում համապատասխան արձագանք: Այսուհանդերձ, մեր անելիքները շատ են՝ շահառուների կենսապայմաններն  այստեղ ավելի բարելավելու, բուժման ու խնամքի ծառայությունների որակն ավելի բարձրացնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ մենք կարիք ունենք 2 հոգեբույժի եւ 1 թերապեւտի ու 1 թոքաբանի: Նախարարությունը թափուր տեղերի համար մրցույթի հայտարարություն տվել է, մենք էլ մեր հերթին ենք հետաքրքրված, սակայն առայժմ չենք կարողանում լրացնել կադրային բացերը: Մոտ 50 տոկոսի չափով հիմնանորոգման կարիք ունի նաեւ տուն-ինտերնատի շենքը: Այս պահին մեր միջոցներով հիմնանորոգում ենք ճաշարանը, այստեղ ձգտում ստեղծել բարվոք վիճակ ու ժամանակակից պայմաններ: Քուվեյթի դեսպանատան հետ համագործակցությամբ ծրագրել ենք արդիականացնել հաստատության շենքը: Ծրագրել ենք կառուցել ջերմոց, տեղադրել արեւային ջրատաքացուցիչներ ու պանելներ՝ էներգախնայողության նպատակով: Ուզում ենք զարգացնել նաեւ մեր հաստատությանը կից տնտեսությունը, օժանդակ ֆերման, որտեղ շահառուները զբաղված են համապատասխան թերապիայով: Ամեն ինչ արվում է բուժանձնակազմի ու խնամողների կողմից, որպեսզի մարդիկ իրենց  չպատկերացնեն արգելանքի կամ փակի տակ: Մշտական մաքրություն է տիրում թե շենքի ներսում, թե հաստատության տարածքում, շաբաթը երկու անգամ տեղաշոր է փոխվում, ունենք մշտական տաք ու սառը ջուր, օրական չորս անգամ սնունդ ենք տալիս: Ի դեպ,սնունդը բերում են մատակարարները, ովքեր ընտրվել են հայտարարված մրցույթի արդյունքում: Անորակ լինելու դեպքում սնունդն անմիջապես հետ ենք ուղարկում, չենք ընդունում: Սանիտարահիգիենիկ պայմանները լիովին ապահովված են »,-ներկայացրեց տնօրենի պաշտոնակատարը:

Կարեն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ շահառուների հանգստի ու հագեցած առօրյայի կազմակերպմանը:  Մեր այցելության պահին շահառուները զբաղված էին թենիսի, բիլիարդի, նարդու, շախմատի, այլ խաղերի մրցումներով, կոշկակարությամբ, այլ արհեստներով  «Միշտ լեփլեցուն են արհեստանոցներն ու խաղասենյակները: Նրանց համար կազմակերպում ենք զանազան տոնական միջոցառումներ՝ նվիրված պետական տոներին: Վերջերս Վարդենիսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպեցինք միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման տոնին: Դրսից համերգային խմբեր ենք հրավիրում, առանձնակի խրախուսում ենք ստեղծագործական ձիրքեր ունեցող շահառուներին, որպեսզի նրանք ավելի ոգեւորվեն, իրենց հանդեպ մշտական ջերմություն զգան: Նրանց ուժերով կազմավորել ենք գեղարվեստական ինքնագործ խմբեր, որտեղ նրանք երգում են, պարում, արտասանում, նկարում, քանդակում, զբաղվում արհեստագործությամբ: Նրանք նաեւ սիրով ծաղիկ ու բանջարանոց են մշակում, ընտանի կենդանիներ խնամում », -հավաստեց Կարեն Խաչատրյանը

Անդրադառնալով այստեղ մեկ տարի առաջ նախկին տնօրինության կողմից  թույլ տրված աղմկահարույց իրավախախտումներին՝ տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները, իսկ իր հիմնական խնդիրն այժմ հաստատության առջեւ ծառացած մի շարք հրատապ խնդիրների կարգավորումն է, ինչպես նաեւ՝ այստեղ արձանագրված նախկին անօրինական գործողությունների բացառումը:

Կարեն Խաչատրյանը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականի փետրվար ամսից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]