Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում վարչապետին առընթեր մարմինն ընդդիմության կառավարմանը հանձնելը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում ընդդիմության առաջարկով վարչապետին առընթեր մարմնի կառավարումն ընդդիմությանը հանձնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ պայքարել է, որ իշխանությունները հավասարակշռված կառավարում իրականացնել: «Պնդում էիք, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարման վերահսկիչ գործառույթները: Արդյո՞ք  պատրաստ եք տարիների պայքարն իրականացնելու, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը և իրականացնելու այն կարևորագույն առաքելությունը,որ միտված է պետականության կայացմանը »,-հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ չի հիշում, թե երբևէ խորհրդարանում ասած լինի, թե ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության կա: Նա նշեց, որ ժամանակին ընդդիմադիր լինելով համարել է, որ վերահսկողական բոլոր լծակներն ունի, ու դրա համար պետք չէ, որ ինչ-որ կարգավիճակ ունենար:

«Մեր նախորդ հարց ու պատասխանից հետո ես պարտավորություն ստանձնեցի, որ և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր, և ես կներկայացնեմ ընդդիմության ներկայացրած թեկնածուին: Դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց թեկնածու ներկայացնել՝ պատճառաբանելով, թե նկատի է ունեցել ոչ թե շարքային անդամներին, այլ հանձնաժողովների նախագահին: Տեսեք, թե ինչ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականի և օգնականի ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, արժե՞  այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները բոլորը լինեն ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Բագրատյանն ուզում է Հաշվեքննիչ պալատը հանձնել ընդդիմությանը, մինչդեռ  օրենսդրությամբ պալատն անկախ մարմին պետք է լինի և իր փիլիսոփայությունը հենց անկախ լինելու մեջ է: Դա միջազգայնորեն է այդպես: Վարչապետը նշեց, որ բալանսավորման առումով ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ, և ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով հնարավորություն ունի վերցնել այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդն ուզում է օժտել իրեն: Փաշինյանի կարծիքով՝ այդ մեխանիզմը լիարժեք աշխատում է ՀՀ-ում: Եվ այդ մեխանիզմի գործադրմամբ ընդդիմությունը տարբեր ընտրություններում, այդ թվում ՏԻՄ ընտրություններում լծակներ ունենալու և բալանս ապահովելու հնարավորություն ունի:

«Եկեք ուրիշ հարց դնենք. արդյո՞ք խորհրդարանը նոր խորհրդարանական կառավարման համակարգում իր խորհրդարանական վերահսկողական ծավալն արդյո՞ք իրագործում է, որ գործադիր այլ լծակներ է ուզում: Այսօր խորհրդարանը լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի»,-նշեց նա ու հավելեց՝ կարծում է, որ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ, իսկ ընդհանրապես ցանկացած լավ թեկնածուի թեկնածություն համարեց քննարկելի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ