Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրյուսելում կայացել է ՍՏԾՀԿ և ԵՄ միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը

Բրյուսելում կայացել է ՍՏԾՀԿ և ԵՄ միջև համագործակցությանը նվիրված բարձր 
մակարդակի առաջին համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հունիսի 18-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը, որը կազմակերպվել էր ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովը բացեց ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Michael B. Christides): Ելույթներով հանդես եկան Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի և Մալթայի ԱԳ նախարարները, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, ԵՄ-ում ՌԴ, Մոլդովայի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳ պետքարտուղարները, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՍԾՏՀԿ հարակից մարմինների ներկայացուցիչներ: Հնչեցված ելույթներում կարևորվեց երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության շրջանակի ընդլայնումը:
 
ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ մասնավորապես շեշտելով ՍԾՏՀԿ տնտեսական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության հանձնառությունը: Ընդգծվեց, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը միաժամանակ արդյունավետորեն ծավալում է բազմաոլորտ համագործակցություն ԵՄ հետ՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իր ելույթում Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:
 
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի՝ ՀՀ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Աշոտ Քոչարյանը հիշեցրեց, որ բազմաթիվ առիթներով Հայաստանի Հանրապետությունն իր վճռականությունն է արտահայտել՝ կանխելու տնտեսական բնույթ ունեցող ՍԾՏՀԿ քաղաքականացմանն ուղղված որոշ անդամ պետությունների փորձերը: Այդ համատեքստում Աշոտ Քոչարյանը հավելեց, որ ընթացիկ համաժողովը հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները՝ փորձելով ՀՀ դեմ ուղղված անհիմն մեղադրանքների միջոցով խուսափել իր իսկ վարած ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից:  
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]