Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գլխավոր դատախազը Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը արդարադատությունից խուսափելու միտում է համարում

 Գլխավոր դատախազը Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը 
արդարադատությունից խուսափելու միտում է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստում` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամփոփ ներկայացրեց մեղադրող կողմի բողոքների հիմքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ  դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն վկայում է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ:

«Զավեշտալի ենք համարում այն, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ  ընդունած դատավորը ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, ընդ որում բազմապատիկ անգամ մեծ ծավալով նյութեր, քան այս քրեական գործով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության շրջանակներում խափանման միջոցի հարցը քննած դատավորներն են ունեցել, կարևորագույն կերպով արձանագրում է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները: Ակնհայտորեն, ունենալով նյութերի մեծ ծավալի տարբերություն, իրականացնելով շուրջ երեք օր քննություն, դատարանը ընդամենը իր որոշումներում արձանագրումներ է  անում նախկինում խափանման միջոցի հարցը քննարկած դատավորներին: Մեր գնահատմամբ` սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Ըստ Դավթյանի` մեղադրող կողմը մանրամասն ներկայացրել է մեղադրյալին մեղսագրված արարքներով հիմնավոր կասկածի առկայությունը:

«Փաստարկված ու մանրամասն ներկայացվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը, հանցավոր սխեմայի առանձին փուլերով և դրանց վկայող ապացուցներով»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի կարծիքով` առաջին ատյանի դատարանն ապօրինի և անհիմն դատական ակտ է ներկայացրել` մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը:

«Գտնում ենք, որ այդ խափանման միջոցն անհամաչափ է, ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում մեր կողմից ներկայացված հիմնավորումներով միակ համաչափ խափանման միջոցը մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է»,- եզրափակեց Դավթյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Քոչարյանի կալանքը փոխելու և անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ապա նաև քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության և մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների բողոքի քննությունը: 

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]