Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Իրանի ԱԽ քարտուղարը հայ գործընկերոջն է ներկայացրել է ՀՀ վարչապետի Թեհրան այցի արդյունքում գրանցված որոշումների կատարման վիճակը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Վերջինս ներկայացրել է ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։

Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը՝ նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացել փոխադարձ հրավեր։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ