Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Ղազախստանում հայերի դեմ Ադրբեջանն ապատեղեկատվական հնարքների է դիմում. գործի են դրվել կեղծ կայքերը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն օգտագործում է ապատեղեկատվական հնարքներ հայերի դեմ Ղազախստանում։ Դրան հնարավոր է եղել ականատես լինել վերջերս Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցից հետո, երբ Ադրբեջանը, դիմելով ապատեղեկատվության և օգտագործելով կեղծ «հայկական» կայքեր, փորձեց ազդեցություն ունենալ Ղազախստանի հասարակական շրջանակների վրա՝ ձևավորելով հայերի հանդեպ բացասական վերաբերմունք։

Այդ նպատակով նրանք կեղծ «հայկական» կայքում կեղծ «հայ» ազգանուն ունեցող խմբագրի միջոցով հրապարակել են հոդված, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում ղազախ ժողովրդի հանդեպ։

Ամբողջ հասանելի տեղեկատվությունը և այդ հրապարակումների հղումները ներկայացվում են ստորև։ 

Հունիսի 10-ին Ղազախստանի նախագահ ընտրվելուց հետո տեղական և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին ընտրությունների արդյունքները ներկայացնելու նպատակով՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ 

Ղազախստանի նախագահը, պատասխանելով «Голос Армении» թերթի հայ թղթակցի հարցին, նշեց, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել հստակ ծրագրերով երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: «Հայաստանի հետ մենք շատ ընդհանուր բաներ ունենք պատմության և նույնիսկ լեզվի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես լավատես եմ ապագա համագործակցության մասով, մեր կողմից, Ղազախստանի կողմից, անկասկած, ձեռնարկվելու է հնարավոր ամեն ինչ՝ երկկողմ համագործակցությունը բոլոր միջոցներով ամրապնդելու նպատակով», - նշել է Տոկաևը։ 

Ղազախստանի նախագահի մեկնաբանությունը լայն արձագանք ստացավ ադրբեջանական մամուլում։ Ադրբեջանական քարոզչամեքենան, անմիջապես օգտվելով այդ առիթից, սկսեց ապատեղեկատվություն տարածել սեփական և ղազախստանյան հասարակությունների շրջանում իր քարոզչական, որպես հայկական աղբյուր ներկայացող տխրահռչակ Armenianreport.com կայքի միջոցով, որի համաձայն՝ իբր հայ հեղինակը «վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ղազախ ժողովրդի հանդեպ»՝  ի պատասխան Տոկաևի հայտարարության: Անհրաժեշտ է ընդգծել, որ գրեթե միաժամանակ այս թեմայով հայերի նկատմամբ ատելություն սերմանող նյութեր տարածեցին նաև մի շարք այլ ադրբեջանական աղբյուրներ՝ «Yenicag.Ru - Новая Эпоха» պորտալը, Minval.az կայքըAxar.az կայքը և այլն:

Այնուհետև, կեղծ հայկական կայքի հոդվածն արտատպելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց տարածել այդ ապատեղեկատվությունը՝ վերնագրելով այն այսպես կոչված «հայերի պատասխանը Տոկաևին» անունով:

Միևնույն ժամանակ այս նյութերն ակտիվ շարունակվում են տարածվել ղազախստանյան հասարակության շրջանակներում, սոցիալական ցանցերում: Դա անթույլատրելի է, որովհետև դրանով իսկ ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է իր փորձերը՝ սեպ խրելու հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների մեջ:

Armenianreport.com աղբյուրը ադրբեջանական քարոզչական կայք է: Փորձագետը մանրամասն հիմնավորել է դա դեռ տարիներ առաջ: Այս դեպքում բավարար է միայն նկատել, թե ով է արտատպում ապատեղեկատվությունը՝ նյութը վերնագրելով, թե հայ քարոզչամեքենան պատասխանել է Տոկաևին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ