Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում է ընդունվել հունիսի 18-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովի ժամանակ, որը նախագահել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել էին Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ: Հոգևոր հայրերը գրավոր դիմում էին ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:

Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը համապատասխան դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, որն էլ դիմումը փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, որն էլ իրավասու է թույլատրել Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացումը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ էր անցկացրել և չնայած որոշվել էր, որ պատրիարքի ընտրության գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը ընդունելի չէ, սակայն հունիսի 18-ի նիստում արդեն որոշվել է անցկացնել հենց տեղապահի ընտրություն:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ