Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին

ԵԽ-ի  գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց 
գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը ողջունում են Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու երկրում ժողովրդավարական բարեփոխումները: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին՝ նշելով, որ սա ԵԽ-ի հետ համատեղ  Հայաստանի երրորդ ծրագիրն է, իսկ նախորդ երկու ծրագրերում երկիրը արդեն իսկ գրանցել է որոշ հաջողություններ արդարադատության, ՔԿՀ-ներում առողջապահության, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում:

 «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը խրախուսել են շարունակել առաջընթացը, մասնավորապես` ավելացնել դատական համակարգի անկախությունը, ընդունել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգիրք, ստեղծել նոր կառույցներ , որոնք կզբաղվեն կոռուպցիայի  ու խտրականության դեմ պայքարով»,- ասաց Բատաինի-Դրագոնին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն հայտնեց, որ ԵԽ-ի հետ միասին Հայաստանը կարող է առաջ շարժվել և հասնել ավելիին:

«Բազմաթիվ աշխատանքներ պետք է կատարել, և առաջընթացը կախված կլինի մեր միասնական ջանքերից: Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Այդ հանձնառությունը կենսական կարևորություն ունի և ողջունելի է, սակայն գործողությունների ծրագրի նպատակների համար անհրաժեշտ է նաև սերտ համագործակցություն Եվրամիության և այլ գործընկերների հետ»,- ընդգծեց ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

 Նա ասաց, որ բոլորի շահերից է բխում  բաց խոսել առկա խնդիրների մասին, ինչը և անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա պարզ ասաց, որ անհրաժեշտ է ավելի ապակենտրոնացնել իշխանությունը, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան և ամենակարևորը`  ապահովել դատական համակարգի անկախությունը ու արդյունավետությունը: Գործողությունների այս ծրագիրը սատարում է բոլոր այդ նպատակների իրականացմանը, որոնք ավելի արդիական են դառնում Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում: Մենք պատրաստ ենք ուղեկից լինել այս կարևոր բարեփոխումների ճանապարհին»,- եզրափակեց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին:

Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների ծրագիրը» ռազմավարական կառուցակարգ է, որն ուղղված է մարդու իրավունքների, իրավունքների գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի օրենսդրության, հաստատությունների ու աշխատակարգերի հետագա համապատասխանեցումանը եվրոպական չափանիշներին: Սույն գործողությունների ծրագրով նախատեսվում է օժանադակել Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհդի անդամ պետություն ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]