Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոֆիայում կայացավ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի երեխաները» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը

Սոֆիայում կայացավ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի երեխաները» գրքի 
բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական «Պարադոքս» հրատարակչության նախաձեռնությամբ Սոֆիայի գրական ակումբում հունիսի 14-ին տեղի ունեցավ ռումինահայ անվանի գրող, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի երեխաները» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Սոֆիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, բուլղարացի գրողներ, մտավորականներ, արվեստի և գրականության գործիչներ: Հյուրերի թվում էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ «Պարադոքս» հրատարակչության տնօրեն Դորոտեա Մոնովան, ապա հեղինակին և նրա գիրքը ներկայացրեց Բուլղարիայի պետական ռադիոյի տնօրեն Ցվետան Ցվետանովը, ով կարևորվեց գրքի բացառիկ գեղարվեստական արժեքը: Ելույթ ունեցողներն անդրադարձան Վարուժան Ոսկանյանի՝ որպես ռումինահայ միության հիմնադիր նախագահի, տնտեսագետի, հասարակական-քաղաքական գործչի, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահի բազմակողմ գործունեությանը:

Ներկաները ջերմությամբ ընդունեցին հեղինակին, մեծ հետաքրքրությամբ լսեցին նրա մտքերը և գաղափարները ինչպես իր ստեղծագործությունների, այնպես էլ հայ ժողովրդի, նրա պատմության, Հայոց ցեղասպանության, արդի խնդիրների, ինչպես նաև գրականության, արվեստի և շատ այլ հարցերի մասին:

«Պատերազմի երեխաները» գիրքը մեծ հաջողությամբ ներկայացվեց նաև Պլովդիվում հունիսի 13-ին կայացած՝ «Պլովդիվը կարդում է» փառատոնի շրջանակներում:

Բուլղարիա այցելության ընթացքում Վարուժան Ոսկանյանը հյուրընկալվեց Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում: Ողջունելով հյուրին՝ դեսպան Արմեն Սարգսյանը կարևորեց նրա բացառիկ դերը Ռումինիայի հայ համայնքային կառույցի կայացման, ինչպես նաև երկար տարիներ այն ղեկավարելու գործում: Նա բարձր գնահատեց Ռումինիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և կրթամշակութային կապերի զարգացման բնագավառում Վարուժան Ոսկանյանի շարունակական գործունեությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք փոխգործակցության, սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև կապերի խթանման հնարավորությունների, հայապահպան ծրագրերի մշակման ու իրականացման հարցերի շուրջ: Առանձնահատուկ ընդգծվեց Բուլղարիայի և Ռումինիայի հայ համայնքների միջև գործակցության ակտիվացման և այդ գործում երկու երկրներում ՀՀ դեսպանությունների կողմից օժանդակության կարևորությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]