Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիվ փուլ են նախանշում. Շահան Գանտահարյանի հոդվածը

Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիվ փուլ են 
նախանշում. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։

Նախ, իհարկե, սկզբունքով ֆրանսիական արդարադատությունը անջատ է քաղաքական տիրույթից և, հետևաբար անկախ է նաեւ՝ գործադիր իշխանությունից։ Հետևաբար` շեշտել, որ պաշտոնական Փարիզը քաղաքական ազդակ է ուղարկում Բաքվին տնտեսական հարաբերություններին նոր թափ տալու օրակարգով, այնքան էլ բացարձակ ընկալում կարող է չունենալ։

Նման մեկնաբանության հիմք կարող է ծառայած լինել նախագահ Մակրոնի կողմից Ապրիլի 24-ը պաշտոնական օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակման որոշման ընթացքում կամ գրեթե համաժամանակ՝ Բաքվի հետ նոր զինատեսակների վաճառքի գործարքների հայտարարությունը։

Պարզ է, որ հակառակորդի,ավելի ճիշտ, հակառակորդների կողմից քաղաքական աշխատանք է իրականացվում, բողոքարկելու եւ պահանջելու նման համաձայնագրերի չեղարկումը։ Բաքվի կողմից Փարիզին հղված բողոքագրերը սկսել էին արդեն ազդել ֆրանսիական քաղաքների քաղաքային խուրհուրդների վրա. նրանք քույր քաղաքների հռչակման փոխարեն այլ եզրաբանություն էին որոնում բնութագրելու համար երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագրեր ստորագրելու ակտերը։

Հստակ է, որ Բաքուն այս պայքարում առանձին չէ։ Անկարան իբրեւ փորձառու գլխավոր եւ ավագ գործընկեր եվրոպական դաշտում օգնում է իր եղբորը՝ իրավական հողի վրա բարձրացնելու համար բողոքները, եւ դրանց առընթեր քաղաքական շանտաժային վարքագծի որդեգրման հուշումներ կատարելով կառավարում՝ Բաքվի անունից կիրառվող խաղը։ Անկարան շանտաժային քաղաքականության հսկա փորձ ունի, որից պետք է օգտվի կրտսեր գործընկերը։

Այս շրջածիրում պետք է ընկալել նաեւ Անկարայի հեգնանքը ուղղված Փարիզին՝ Անկարա-Բաքու քույր քաղաքների հռչակման առաջադրանքի բարձրաձայնմամբ հատկանշվող։

Ճիշտ է, որ Բաքուն առավել է արձանագրում այս ուղղությամբ։ Ֆրանսիական քաղաքների հետագա նախաձեռնությունները առնվազն կդանդաղեն, եթե ոչ՝ կսառեցվեն կամ կառկախվեն։ Մինչ, եւրոպական այլ քաղաքների վրա չի բացառվում, որ որոշակի ազդեցություն ունենա ֆրանսիական նախադեպը։

Միայն ֆրանսիական քաղաքները չեն, որ քույր քաղաքների ձեւաչափով որոշումներ են կայացրել եւ դրանց ուղղությամբ նաեւ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ում ծայր է առել նահանգային մակարդակի վրա Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց. նույնը՝ Ավստրալիայում։

Հիմա, եթե բողոքարկումների իրավական հիմքը Ֆրանսիայի պարագային այն է, որ տվյալ երկրի կողմից ճանաչում չստացած պետության քաղաքների հետ ինչպե՞ս կարող է  համաձայնագրեր ստորագրել, ապա այստեղ եւս տրամաբանությունը միեւնույնն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ավստրալիան պաշտոնապես չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, սակայն դա արգելք չի եղել, որ երկու երկրների նահանգները ճանաչեն Արցախը։

Այս առումով, ուրեմն Ֆրանսիայի դատական համակարգի կայացրած որոշումները իրավականորեն կարող են դյուրաբեկ լինել,  եթե վաղը դրանք բեկանելու համար վերատեսության դիմումներ հղվեն համապատասխան ատյաններին։ Բայց սա արդեն իրավական ընթացակարգի այլ խնդիր է։

Քաղաքական դիտարկումն այս բոլորի մեջ ինքն իրեն զգալի է դարձնում։ Թվում է, որ նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա ճանաչման արշավն ու Ստեփանակերտի հետ համագործակցությունը, որ որոշակի ճանապարհ է անցել արդեն, հիմա արժանանում են իրավաքաղաքական հակազդեցությունների։ Սա ինքնին ցուցանիշ է, որ Բաքվի ժխտողականությունը Անկարայի հովանավորչությամբ պիտի շարունակի հակազդել։

Իսկ այս գործընթացներն ավելի համընդհանուր հայացքով նախանշում են, որ արցախյան հիմնահարցը վերածվել է ճանաչում-ժխտման առանցքային թեմայի, ինչը որ համահայկական աշխատանքների եւ պետություն-սփյուռքի կազմակերպություններ համագործակցության նոր ռազմավարության մշակման հրամայական են ընդգծում։ Սա ենթադրում է նաեւ, որ Արցախի ճանաչումը միջազգային հարթության վրա նոր ակտիվ փուլ է թեւակոխում:

Շահան Գանտահարյան

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ