Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում և ուղևորվել Ստեփանակերտ

Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում և ուղևորվել 
Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ:

Պատմության մեջ առաջին անգամ իրականացված՝ Երևան-Վան թռիչքով հայկական պատվիրակությունը ժամանեց Վան: Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեցին Վանի քաղաքային իշխանությունները:

Վանի քաղաքապետ Բեդիա Էրթանը նշեց, որ մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել համահայկական խաղերը, որոնք համախմբում են աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը  տեղեկացրեց, որ կոմիտեն մտահղացում ունի՝ հաջորդ համահայկական խաղերը կազմակերպել Վանում և Երևանում:

Հաջորդ օրը Բագրատունիների հինավուրց մայրաքաղաք Անին համահայկական խաղերի ջահը փոխանցեց մեր հպարտության և հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին:

Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի հետ հանդիպման ժամանակ Իշխան Զաքարյանը քննարկման դրեց համահայկական խաղերի ծրագրով Գյումրի-Ղարս քաղաքներում միջոցառումներ անցկացնելու գաղափարը:

Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, ընդունելով հայկական պատվիրակությանը, ցանկություն հայտնեց, որ սահմանը բացվի ու հենց նման մարզական խաղերի միջոցով տարբեր բնագավառներում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:

Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փոխնախագահներ Ստեփան Դեր-Բեդրոսյանի և Ռոլանդ Շառոյանի, գործկոմի անդամ Պերճ Հալաջյանի և այլոց մասնակցությամբ ջահի վառման պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից՝ Ալբեր Բոյաջյանին:

Հայաստանի և Արցախի պետական դրոշների ներքո՝ Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի աղոթքով բոցավառվեց ամառային 7-րդ խաղերի ջահը:

Համահայկական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա-լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը:

Մուշ-Անի ճանապարհին պատվիրակության անդամները համահայկական խաղերի ջահը խոնարհեցին հայ ազգային –ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին:

Մուշում պատվիրակությանը ընդունեց քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, քննարկվեցին մի շարք հետաքրքիր գաղափարներ:

Վանի, Մուշի, Իգդիրի և Ղարսի քաղաքապետները սիրով ընդունեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերը՝ մասնակցելու ամառային 7-րդ խաղերին:

Մեկնարկը տրված է, ջահը սկսել է իր ճանապարհը: Մինչև Ստեփանակերտում խաղերի պաշտոնական բացման օրը մենք պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը աշխատանքների ընթացքի և կարևոր իրադարձությունների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]