Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

ԵՄ-ՀՀ հարաբերություններում կարևոր հանգրվան է. շուտով կտրվի ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման մեկնարկը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգացում ապրել։ Օրեր առաջ Բրյուսելում կայացած Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ոչ միայն  ամփոփվեցին  առաջին նիստից հետո կատարված աշխատանքներն, այլ նաև համաձայնություն ձեռք բերվեց ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ։

Բավական կարևոր է, որ համաձայն հունիսի 13-ին  գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքում ընդունված համատեղ մամուլի հայտարարության՝ ՀԸԳՀ համաձայնագիրը կարող է նպաստել ՀՀ արդիականացմանն՝ առաջնահերթություն դիտարկելով օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անկախ ու արդյունավետ արդարադատական համակարգը։ Խորհուրդը նաև ողջունել է այս տարվա հունիսի 1-ին ՀՀ կողմից հաստատված ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը, որը կարելի է դիտարկել իբրև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ռազմավարական փաստաթուղթ։ Իսկ ճանապարհային քարտեզի իրականացման մեկնարկը տրվելու է մի քանի օրից Եվրոպայի խորհրդի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Նշենք, որ ճանապարհային քարտեզը ներառում է մի շարք ոլորտներում ԵՄ նորմերին համապատասխան բարեփոխումների իրականացման գործողություններ՝ դատական համակարգի անկախություն, քրեական հետապնդման և իրավապահ մարմինների անկողմնակալություն ու արդյունավետություն, արդարադատության մատչելիություն, հավաքների և միավորումների ազատություն, ազատ քվեարկելու իրավունք, արդար դատաքննության իրավունք, ազատ արտահայտվելու իրավունք և այլն:

Հատկանշական է, որ խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Եվրամիությունը՝ որպես կառույց, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից, կողմ է արտահայտվել հակամարտության կարգավորմանը՝ հիմնված երեք սկզբուքների վրա և աջակցել է եռանախագահներին՝ հայտարարելով այն հակամարտության կարգավորման միակ ընդունված ձևաչափը: Նշենք, որ այս մոտեցումն ամրագրված է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում, ինչը ենթադրում է, որ սա ԵՄ ֆիքսված պաշտոնական դիրքորոշումն է հարցի վերաբերյալ: Խորհրդի նիստի ժամանակ ևս Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Միևնույն ժամանակ՝ երկուստեք արժևորվել է վստահության ամրապնդման միջոցառումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պայմանավորվածությունների իրականացումը:

Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցության հարցերին, ապա ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձ է կատարվել ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին: Այս ուղղությամբ, իհարկե, թե՛ Հայաստանի, թե´ Եվրամիության կողմից բավական ակտիվ քայլեր են իրականացվում և կա երկկողմ պատրաստակամություն ԵՄ և ՀՀ քաղաքացիների միջև շփումները դարձնել առավել ինտենսիվ և նպաստել փոխճանաչելիության մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, այս գործընթացում բավական կարևոր է հաշվի առնել Վրաստանի և Մոլդովայի օրինակները, որոնք վիզային ռեժիմի ազատականացումից հետո բախվել են մի շարք խնդիրների:  

Խորհրդի կողմից ուշադրության է արժանացել նաև ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում,  հատկապես ողջունվել է.

- աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն աշխատանքային պայմանների նկատմամբ,

- էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը։ Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երեկվանից տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին Եվրոպական միության կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը՝ շուրջ 5,15 մլն եվրո դրամաշնորհ։ ԵՄ-ն խոստացել է նաև աջակցություն տրամադրել այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: 

- Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը, որի ուղղությամբ ԵՄ հետ համագործակցություն է ծավալվել դեռ 2018թ. սեպտեմբերին։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի նկատմամբ ԵՄ վստահությունն այժմ գտնվում է առավել բարձր մակարդակի վրա: Սրա վառ վկայությունն են ինչպես Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում՝ դատական համակարգի, աջակցելու ԵՄ պատրաստակամությունն, այնպես էլ Հայաստանին տրվող հավելյալ ֆինանսական աջակցությունը: Ուստի այս փուլում բավական կարևոր է պահպանել հարաբերությունների առկա դինամիկան և հետևողականորեն սկսել կյանքի կոչել ճանապարհային քարտեզը, որը ՀՀ-ԵՄ համաձայնագրի հաջողության գրավականներից է հանդիսանում:

 

Գոհար Հովհաննիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ