Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին

Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. 
վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն է Հայաստնում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և  ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:

Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության,  Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար:

Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել պարզ, լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեության վերաբերող հարցեր:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]