Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Քոչարյանի պաշտպանի պնդմամբ` իրենց նպատակների մեջ չի մտնում դատաքննությունը ձգձգելը կամ արագացնելը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ իրենց նպատակների մեջ չի մտնում դատաքննությունը ձգձգելը, ինչպես նաև այն արհեստականորեն արագացնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք պետք է դրվեն այս դատավարությունում, դրվելու են:

«Այդ հարցերի մի մասը ներառվում է նաև նկատի ունենալով այն, որ այս գործը Եվրոպական դատարանում է, որպեսզի այնտեղ հետագայում չասեն, որ այս կամ այն հարցը ներպետական ատյաններում բաց եք թողել: Եվրոպական դատարանում գործի քննության համար դա շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով բոլոր հարցերը ներառվելու են` անկախ նրանից, թե ում դուրը դա կգա կամ չի գա»,- ընդգծեց Ալումյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ժամը 15:15-ին: Դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 14-ին անցկացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության դատական նիստը: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ