Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Հարվածային գործիքների ամենաշլացուցիչ կատարողները. «Ամադինդա»-ն՝ Հայաստանում


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյունքում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար: Ջեյմս Վուդի «Կրակով գյուղական թաղումը» գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991թ-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր «Four4 for Amadinda» ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ-ին։ Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված «Ամադինդային» և մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002թ-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարևոր դեր են խաղացել «Ամադինդայի» երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է  Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:

90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» ինը մասանոց ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Արդեն 35 տարի է ինչ խմբին ուղեկցում է չմարող ջերմ ընդունելությունը` երկրագնդի 4 մայրցամաքներում։ Անսամբլը ելույթ է ունեցել Ասիայի, Ավստրալիայի, Ամերիկայի, Մեքսիկայի Եվրոպայի այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի Ֆիլհարմոնիան, Վիեննայի , Ստոկհոլմի համերգասրահները, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը և Քունիս Հոլը, Մեցի Արսենալը, Թայբեյի ազգային , Հոնգ Կոնգի քաղաքային համերգասրահները, Սիդնեյի Յուջին Գուսսենս համերգասրահը, Դալասի Մեյերսոն սիմֆոնիկ կենտրոնը և Նյու Յորքի Քարնեգի համերգասրահը, այլոց շարքում։ Տարիների ընթացքում «Ամադինդան» արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Իրենց հիմնադրման առաջին իսկ տարում՝ 1985թ-ին, խումբը ստանում է Ռոտերդամում անցկացվող Ժամանակակից երաժշտության կատարողների Գաուդեամուս միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում խումբն արժանանում է Լիստի մրցանակին (1988թ.), Հունգարիայի Հանրապետության Արժանապատվության Շքանշանի Սպայական Խաչ պարգևին (1997թ.), Կոսութի մրցանակին (2004թ.), Բուդապեշտ քաղաքի Pro Urbe մրցանակին (2006թ.), Բարտոկ-Պաշտորի մրցանակին (2008թ.), ինչպես նաև Արվեստների Ասպետի կոչմանը (Զ. Ռաչ):

Իր 35-րդ տարում՝ միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

2019թ.-ի «Երևանյան հեռանկարների» հոբելյանական տարին սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը և մայիսի 28-ին տեղի ունեցած գրեմմիակիր ամերիկյան Պարկեր քառյակի առաջին ելույթը Հայաստանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ