1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը կապահովի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

Կառավարությունը կապահովի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել 
հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 13-ին, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած համատեղ աշխատանքի համար և մաղթել հաջողություն:  «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,-նշել է կառավարության ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և առաջարկություններ ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 28-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

 

Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ-ում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հաստատվել են, մասնավորապես, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը:  Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը  և տեսակները,  խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների   վերապատրաստման կարգը: Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ: Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

 

Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է պահուստային ֆոնդից  գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության և Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու համար: Արդյունքում՝  կապահովվի  կոմիտեի վերոնշյալ տարածքներում աշխատանքների բնականոն ընթացքը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Լիկվոր» ՓԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 4 նոր աշխատատեղ և իրականացվել 1,722,761 ՀՀ դրամի ներդրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]