Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներն իրենց համերգային երեկոն նվիրեցին հաստատության 40-ամյակին


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դաշնամուրային բաժնի սաները իրենց հաշվետու համերգին, որը տեղի ունեցավ մայիսի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում,  կատարեցին Գերշվինի, Գարդների ջազային գործերը, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի, ժամանակակիցներից՝ Արամ Սաթյանի ստեղծագործությունները: Նրանք իրենց ելույթները նվիրեցի քոլեջին հիմնադրման 40-ամյա հոբելյանին:

Բաժնի դասախոս Նաիրա Մելիքյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հաշվետու համերգը հնարավորություն է տալիս երաժշտասերների դատին հանձնել սկսնակ երաժիշտների մեկ տարվա աշխատանքի արգասիքը:

«Չունենալով երաժշտական կրթություն՝ բավականին մեծ տարիքում նվագել սովորել ցանկացող երիտասարդները գալիս են քոլեջ ու քրտնաջան աշխատանքի, ձգտման արդյունքում մեկ տարվա ընթացքում կարողանում են կատարել բավականին բարդ ստեղծագործություններ»,-ասաց նա ու հավելեց, որ երաժշտությամբ սկսում են զբաղվել շատ վաղ տարիքից, երբ մկանները դեռ ճկուն են,  իսկ իր դասարանում արդեն հասուն տղաներ ու աղջիկներ են սովորում, բայց չեն խուսափում  չարչարվելուց, շատ աշխատելուց:

Դասախոսն ընդգծեց, որ իրեն ուրախացնում է այն փաստը, որ ուսանողները, լինելով ջազային քոլեջի սաներ, ձգտում են նաև դասական գործեր նվագել:

Մելիքյանն ասաց, որ 16 տարի աշխատում է քոլեջում, և եղել է շրջան, երբ դաշնամուրային բաժինը փակման եզրին էր: «Իննսունականներից հետո ծանր տարիներ էին երկրում, և արժեքային համակարգի փոփոխությունների, այլ պատճառներով շատերն ուղղակի հրաժարվում էին երաժշտությամբ զբաղվել՝ նախընտրելով ավելի եկամտաբեր մասնագիտություններ, սակայն տարիների ընթացքում շատ բան դեպի դրականը փոխվեց. երաժշտությունը կրկին  առաջնային  դարձավ»:

Նաիրա Մելիքյանը հպարտությամբ նշեց, որ  չունի շրջանավարտ, որը այսօր  գործազուրկ է: «Բոլորն իրենց տեղը գտել են կյանքում. անկախ նրանից նվագում են ինչ-որ խմբում, ռեստորանում, թե ակումբում՝ միևնույն է, մնում են մոտ երաժշտությանը: Կան շրջանավարտներ, որոնք ձայնագրման իրենց ստուդիաներն ունեն, զբաղվում են գործիքավորմամբ և այլն»,-պատմեց նա ու խոստովանեց, որ շատ է անհանգստանում յուրաքանչյուր սանի համար և ուրախանում յուրաքանչյուրի հաջողություններով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ