Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Վլադիվոստոկի Մ.Գորկու անվան ակադեմիական թատրոնը Հայաստանում հանդես է գալու չորս ներկայացմամբ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վլադիվոստոկի Մ.Գորկու անվան ակադեմիական 85-ամյա թատրոնը Հայաստանի հանդիսատեսին է ներկայացնելու  թատրոնի լավագույն «Ընկեր», «Էդիթը և նրա դևերը», «Սերգեյ Եսենին.  խոստովանություն» և «Տասներկու աթոռ» ներկայացումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բեմադրությունները թատերասերները կարող են դիտել հունիսի 14-15-16-17-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 

«Ընկեր»  ներկայացման սյուժեն պատմելը բավականին բարդ է: Այն շատ հետաքրքիր է ու, կարծում եմ, անհրաժեշտ է դիտել: Հաճախ լսում են վերնագիրն ու մտածում, թե ինչ պետք է լինի որ: Եթե ծանոթանաք ներկայացմանը, կտեսնեք բովանդակության խորությունը»,- հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ  Եֆիմ Զվենյացկին:

Նա հայտնեց, որ հնարավոր չէր Հայաստան բերել բազմաթիվ դեկորացիաներ, ներկայացումների համար անհրաժեշտ տարբեր պարագաներ  ու շեշտեց, որ կարևորում է արտիստի դերը յուրաքանչյուր բեմադրության մեջ ու համոզված է, որ  դերասանական փայլուն խաղը կարող է ավելին անել, քան արտաքին գործոնները:

Անդրադառնալով Հայաստան այցին` Զվենյացկին շեշտեց, որ ցանկացան գալ Հայաստան, երկիր, որտեղ երբեք չէին եղել, բայց դեռ կլինեն:

«Էդիթը և նրա դևերը»  ներկայացման մեջ հանրահայտ ֆրանսուհուն մարմնավորող դերասանուհի Նատալիա Օվչիննիկովան  ասաց, որ  Պիաֆի մասին բեմադրությունները շատ են, բայց իրենց ներկայացումը հետաքրքիր է, լի  առեղծվածներով: Ներկայացման մեջ Պիաֆի հետ բեմում են մարդիկ, որոնք  հեռացել են կյանքից:

Դերասանուհին նշեց, որ բեմում ինքն է կատարում Պիաֆի ստեղծագործությունները և շատ է ցանկանում աներևակայելի էներգիայով կիսվել տեղի թատերասերների հետ:

Սերգեյ Եսենինի դերակատար  Վալենտին Զապորոժեցի խոսքով` չի պատրաստվում զարմացնել հանդիսատեսին: «Մենք ցանկանում ենք, որ թատերասերի և դերասանի միջև կայանա անկեղծ երկխոսություն: Չնայած Եսենինին շատ են անդրադառնում թատրոնում, և, երբ ասում ենք Եսենին, միանգամից պատկերացնում ենք դերասան Սերգեյ Բեզրուկովին, ով բազմիցս մարմնավորել  է նրան, միևնույն է անհրաժեշտ է դիտել մեր ներկայացումը հասկանալու համար, թե մենք ինչպես ենք այն տեսնում, զգում»,-շեշտեց դերասանը:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն էլ անկեղծորեն բարձրաձայնեց, որ մեծ սիրով են հյուրընկալում թատերախմբին, որը մեծ համբավ ունի Ռուսաստանի Դաշնությունում և համագործակցում է Մոսկվայի բազմաթիվ թատերախմբերի հետ` իրենց թատրոնի ստեղծագործական աշխատանքներում ներգրավելով հրավիրյալ նկարիչների, ռեժիսորների, դերասանների:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ